|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած օրենքի նախագիծը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթում նշեց, որ Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախաձեռնությունը միանշանակ վերաբերում է այն ցավոտ հարցին` տրանսպորտային միջոցների ոլորտում արձանագրված իրավախախտումների ուղղությամբ կայացված որոշումները հասցեատերերին հասցնելուն:
Ըստ պատգամավորի` օրենքի նախագիծը նման է այն անեկդոտին, երբ ասում է` ոչինչ չի փոխվում, պարզապես թղթատարությունն է շատացել, որովհետև մինչև տուգանքի որոշում կայացնելը, հարկավոր է, որ այդ իրավախախտումը նախ արձանագրվի, պարզվի, տուգանքի չափը որոշվի, հաշվի առնվի մեղքի չափը, տուգանքների համաչափությունն ու իրավաչափությունը, որովհետև անգամ նոր կարգավորմամբ` վարչական պատասխանատվության կարող է ենթարկվել մահացած մարդը: Նոր կարգավորմամբ` հաշվի չի առնվում, թե ինչն է նպաստել այդ խախտմանը:
«Եթե մենք ամբողջ շղթան չենք նայում հիմքից, ընդամենը վերջին դետալի վրա ենք կենտրոնացել, այնուամենայնիվ, նոր կարգավորումը չի լուծի խնդիրը: Պատկերացնո՞ւմ եք` 2013թ. ընթացքում մեկուկես միլիոն վարչական տուգանքի ակտ է կայացվել, եթե դա բաժանենք օրերի վրա, կստացվի 4110 վարչական տուգանք` մեկ օրվա ընթացքում: Ինչպե՞ս կարող է ոստիկանությունը ապահովել լսման իրավունքը: Իսկ եթե բաժանում ենք մեքենաների թվի վրա, ստացվում է, տարվա կտրվածքով, չորս տուգանք` մեկ մեքենայի հաշվով: Ի՞նչ է, հայ վարորդները այդքան հակվա՞ծ են խախտումների: Եվ ինչո՞ւ չեք մտածում, որ վարչական մարմինն է կիրառում ավելի շատ փող պոկել-տանելու մեխանիզմը»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ առաջարկվող նախագծով ընդամենը հեշտացվում է փող պոկելը:
Արծվիկ Մինասյանը մի քանի խնդրահարույց մասեր մատնանշեց նախագծում «Անհասկանալի է ինձ համար, թե ինչու եք ամեն դեպքում դուք փորձում ստիպել չիրազեկված քաղաքացուն կամ լսման իրավունքից զրկված քաղաքացուն, երբ հրապարակային ծանուցումների մասին կայքում տեղադրում եք ու ասում, որ «քաղաքացի՛, դու պարտավոր ես, ըստ էության, միշտ հետևել՝ իմանալու քեզ վրա վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտ կա, թե չկա, և եթե չհետևեք, ամեն դեպքում կենթարկվեք բռնագանձման միջոցով սեփականության իրավունքները օտարելու մեխանիզմին»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ ապա հավելեց․ «Եթե լուծում եք, Արփինե ջան, պետք է լուծել ըստ էության»:
Վերջում Արծվիկ Մինասյանը այնուամենայնիվ նշեց, որ նախաձեռնությունը լավն է, բայց պետք է այն վերջնական ձևով լուծվի, ոչ թե տպավորություն ստեղծվի քաղաքացիների համար, որ նոր կարգավորմամբ իրենց բոլոր հարցերը խնդրի հետ կապված` լուծվում են, ինչը իրականությանը չի համապատասխանում: