կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-16 15:24
Հասարակություն

Ճարտարապետության ազգային և Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտները կմիավորվեն

Ճարտարապետության ազգային և Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտները կմիավորվեն

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Բադալյանը նախարարության ենթակայությամբ գործող Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին՝ Անուշ Տեր-Մինասյանին: 

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել թանգարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանին՝ կառույցի հիմնադրման և կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար, վստահություն հայտնելով, որ նա հետայսու իր փորձառությամբ և գիտելիքներով կաջակցի թանգարանի նոր ղեկավարին և համակազմին: 

Թանգարանի նորանշանակ տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, ով նույնպես թանգարանային գործի հմուտ գիտակ է (երկար տարիներ ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ռուսական արվեստի թանգարանը), իր հերթին վստահեցրել է, որ ճարտարապետության թանգարանն իր համար հարազատ վայր է և ստանձնելով ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը, աշխատելու է համագործակցաբար՝ հենվելով նախորդ շրջանի փորձի վրա: 

Ի դեպ, ՀՀ քաղաքաշինության նախարարության ՊՈԱԿ հանդիսացող երկու՝ Ճարտարապետության ազգային և Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտները առաջիկայում կմիավորվեն, արդյունքում ձևավորելով «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ»-ը:

Այդ կերպ թանգարանային ոչ բավարար պայմաններ ունեցող երկու հաստատությունները միավորելով հնարավոր կլինի ստեղծել մեկ թանգարան, որը կունենա և մշտական ցուցադրություն և միաժամանակ ցուցահանդեսներ, սեմինարներ և մասնագիտական վարպետաց դասեր կազմակերպելու դահլիճ, ի հավելումն՝ ֆոնդերի պայմանները կբարելավվեն: