կարևոր
7381 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-08 14:39
Իրավական

Ձեզ վրա չնայելու համար կարող եք ինձ հանել դահլիճից ու է՛լ ավելի խայտառակ լինել». Աշոտյանը՝ դատավորին

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի, ԵՊԲՀ նախկին հաշվապահ Լարիսա Պարսեղյանի, դեղագետ Մարթա Սիմոնյանի, Ռոլան Դավթյանի վերաբերյալ գործով դատական նիստին։

Դատարանն այս պահին քննում է կալանքը փոփոխելու միջնորդությունը։ Ներկայացնում ենք դատավոր Վահե Դոլմազյանի ու Արմեն Աշոտյանի հարցուպատասխանը:

 Դատավոր - Ձեր խոսքը պետք է ուղղված լինի դատարանին:

 Աշոտյան - Դուք չեք կարող կարգադրել՝ որտեղ նայեմ:

Դատավոր - Շարունակում եք բանավիճել ու ստիպում եք դատարանին...

 Աշոտյան - Իմ հայացքի պատճառով ուզում եք իմ նկատմամբ սանկցիա կիրառե՞լ... հանեք դահլիճից, է՛լ ավելի շատ խայտառակ եղեք: Ես պարտավոր չեմ ձեզ վրա նայել, եթե դուք դա պնդում եք, չեմ անելու, կարող եք ինձ հանել դահլիճից ու է՛լ ավելի խայտառակ լինել, որ ձեզ վրա չնայելու համար քաղբանտարկյալ Աշոտյանին հանել եք դահլիճից: Էս քննարկումն ապացուցում է, որ գործը ոտից գլուխ սարքած ա, ջուր ա, էնքան բան չկա քննարկելու, որ քննարկում եք՝ ի՞նչ պարբերականությամբ ձեզ վրա հայացքներ նետեմ:

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նաև նշենք որ Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն են ներկայացրել Կոլումբիայի պաշտոնաթող նախագահ, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահ Անդրես Պաստրանան, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղ.խորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը։