կարևոր
1549 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-27 18:05
Հասարակություն

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ 12-րդ համարը

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ 12-րդ համարը

Դեկտեմբերի 27-ին էլեկտրոնային հարթակում հրապարակվել է «Դրօշակի» տարեվերջյան համարը: Տրամաբանական է, որ այս համարը ունի արդեն անցյալ դարձող անհանգիստ տարին ամփոփոխ բովանդակություն: Եթե համարի «Առաջնորդողում» շեշտադրվում է քաղաքական իրադարձությունների խորապատկերին Հայաստանի իշխանությունների իրականացրած գործունեությունն ու դրսևորած քաղաքական վարքը, ապա Անի Մելքոնյանի հոդվածը անդրադարձ է հայության համար դրամատիկ ու ողբերգական եղելություններով հարուստ ժամանակահատվածի կարևոր իրադարձություններին:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը քաղաքական իրականությանն անդրադառնում է բանակցային գործընթացների տեսանկյունից: Քաղաքագետի եզրակացությունն է, որ սպասվում է ոչ պակաս հագեցած ու լարված տարի, և թե այն ինչ ազդեցություն կունենա Հայաստանյան ու Արցախյան խնդիրների վրա մեծապես պայմանավորված կլինի նրանով, թե Հայաստանի օրվա ղեկավարությունը ինչպես կդրսևորի իրեն հայության կենսական շահերը շոշափող՝ գալիք մարտահրավերներին հանդիման:

Իրանագետներ Լիանա Պետրոսյանն ու Նարե Գևորգյանը անդրադարձել են համապատասխանաբար Հայաստան-Ռուսաստան-Իրան և Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա փոխհարաբերություններին և երկրների միջև տեղի ունեցած գործընթացներին անցնող տարվա ընթացքում:

Արևելագետ Արմեն Պետրոսյանի ուշադրության առանցքում է Մերձավոր Արևելքի 2023 թվականը: Ինչպես հայտնի է այս տարածաշրջանում նույնպես տեղի ունեցան որքան բուռն նույնքան և անակնկալ իրադարձություններ: Ի դեմս Իսրայելա-պաղեստինյան պատերազմի տարածաշրջանը շարունակում է հիշեցնել եռացող կաթսա՝ կանխատեսելի ու ամենաանկանխատեսելի զարգացումներով:

Ներազգային կյանքի համար տարին հատկանշական էր մասնավորապես և նրանով, որ լրացավ ազգային կյանքում իր վաստակած պատվավոր տեղը հաստատած «Համազգային» հայ կրթական և մշակութային միության 95 ամյակը: Թեեւ Արցախին պատուհասած ողբերգությունն ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող մտահոգիչ երևույթներն իրենց մռայլ շուքն էին նետել համահայկական ընդհանուր կյանքի վրա, այնուամենայնիվ Հայաստանում և Սփյուռքի տարբեր գաղթոջախներում հայությունն անդրադարձավ այս տարեդարձին: Համազգայինի 95-ամյակին է անդրադարձել նաև ճարտարապետ, գրող և խմբագիր Վրեժ-Արմեն Արթինյանը: «Դրօշակին» այս անգամ տրամադրած նրա հոդվածը արժանավորում է «Համազգայինի» հիմնադրությանն ու հիմնադիրներին, ինչպես և անդրադարձ է ազգային այս կարևոր կառույցի ներկային ու նրա չընդհատվող առաքելությանը:

Դշնակցության ավագագույն պաշտոնաթերթի այս համարում տեղ են գտել նաև բնապահպանական, պատմական և գաղափարական բնույթի ուշագրավ այլ հոդվածներ: «Դրօշակ»ի 2023թ 12-րդ համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո:

«Դրօշակ» թիվ 12 2023 թ.