կարևոր
3241 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-24 13:46
Հասարակություն

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ հինգերորդ համարը

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ հինգերորդ համարը

Համացանցի վրա արդեն կարելի է կարդալ «Դրօշակի» սույն թվականի մայիսյան համարը: Պաշտոնաթերթի հերթական համարը աչքի է ընկնում թեմատիկ բազմազանությամբ: Առաջնորդող հոդվածը անդրադարձ է ամսվա կարևոր խորհրդին` մայիսյան հաղթանակներին: Զուգահեռ է տարվում հարյուր տարի առաջվա և ներկա աշխարհաքաղաքական իրողությունների միջև, ինչպես և ներկայացվում է գրեթե նույն իրողությունների պայմաններում հայոց պետականությունը գլխավորող ուժերի քաղաքական և բարոյական կերպարները: Այս զուգահեռը ակնառու է նաև պատմաբան Վանիկ Վիրաբյանի ծավալուն հոդվածում, որտեղ մանրամասնորեն քննվում են Հայաստանի Առաջին Հանրապետության տարիների գործընթացները տարածաշրջանային և աշխարհաքակաքական զարգացումների խորապատկերի վրա, արտաքին ուժերի ազդեցության, ինչպես և Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական կողմնորոշումների խնդիրները: Հեղինակը ներկայացնում է, թե ինչ համանման արտաքին զարգացումներ գոյություն ունեն ներկայումս, որոնք, այս անգամ ևս, իրենց անմիջական ազդեցությունն են ունենում Հայաստանի և Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա:

«Դրօշակի» բարեկամ և մշտական հեղինակ Վրեժ-Արմենը «Ընկերական զրույցներ» ավանդական խորագրի ներքո նույնպես անդրադարձել է մայիսի 28-ի անկախության տոնին, օրվա այսօրվա խորհրդին և այն մեծ տեսլականներին որ հառնում են անկախ պետականության բարձունքի առջև: Հոդվածում խոսվում է ազգային համապատասխան դաստիրակության մասին, որպեսզի հայ սերունդները որդեգրեն և տերը դառնան ազգային մեծ նպատակների իրականացման առաքելությանը:

Արցախից լրագրող Տաթևիկ Աղաջանյանը ներկայացնում է, թե ինչպես է կյանքը արդեն հինգ ամիս շրջափակված Արցախում:

«Դրօշակի» էջերում այս անգամ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացների վերլուծություն են ներկայացնում իրանագետ Ժաննա Վարդանյանը և Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը:

Պաշտոնաթերթում կարելի է գտնել նաև հարցազրույց մշակութաբան Մովսես Հերկելյանի հետ, ով հետաքրքրական մանրամասներ է բացահայտում անցած դարի յոթանասունականներին Հայաստանի մտավորականության ազգային բնույթի հետաքրքրությունների և տվյալ ուղղությամբ գործունեության մասին:

«Դրօշակի» այս համարում կարելի է կարդալ նաև երկու հետաքրքրական հոդված, որոնք առնչվում են Չարենցին ու ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Նավասարդյանին, Չարենցին և Իսահակյանին:

ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ հինգերորդ համարում զետեղված են այլ հետաքրքրական նյութեր ևս, որոնց կարող եք ծանոթանալ մուտք գործելով կայքէջ:

Ներբեռնել համարը «Դրօշակ» թիվ 5, 2023թ.