կարևոր
2257 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-28 15:37
Հասարակություն

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ 11-րդ համարը

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ 11-րդ համարը

Համացանցի վրա այսօրվանից ներկայացվող «Դրօշակ» պարբերականի նոր համարը ունի թեմատիկ բնույթ՝ այն ամբողջովին նվիրված է Սփյուռքի հիմնահարցերին, վերակազմակերպման և զարգացման խնդիրներին, ինչպես և Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերություններին, ընդհանուր ռազմավարությանն ու նպատակներին։ Հոդվածների հեղինակները, լինելով Հայաստանից, Արցախից և Սփյուռքի տարբեր համայնքներից, Կլոր սեղանի շրջանակում տեսակետներ են հայտնում առաջադրված հարցերի վերաբերյալ, կարծիքներ են ներկայացնում այլ հեղինակների տեսակետների շուրջ։

Կլոր սեղանի ձևաչաձով այս քննարկումը տեղի է ունեցել որոշակի ժամանակահատվածում և սկիզբ է առել այն ժամանակ, երբ դեռ տեղի չէր ունեցել Արցախ օկուպացման և հայաթափման ցեղասպանական գործողությունը։ Համարի լույս ընծայումից առաջ խմբագրակազմը անդրադարձել է այս իրողությանը և որոշել է եղած հոդվածները լույս ընծայել այնպես ինչպես կան, երբ մասնավորապես, հրապարակված նյութերում, բնականորեն, բացակայում են մեծ ողբերգությունն արձագանքները։

Ձեռնամուխ լինելով այս նախաձեռնությանը պաշտոնաթերթի խմբագրակազմը նկատի ունեցավ կուտակված հիմնահարցերը և ակնկալում է, որ սկսելով այս համազգային նշանակության խոսակցությունը կարող է խթանել վերջինիս ծավալմանը և արդյունավետ լուծումների որոնմանը։ Տարբեր մայրցամաքներ ու երկրներ ներկայացնող հոդվածների հեղինակները կուսակցական և ոչ կուսակցական մտավորականներ են, մտորումներով կիսվում է նաեւ հոգևոր դասի ներկայացուցիչը։ Բոլոր այս հարգարժան անհատները հնարավորություն են ունեցել ազատորեն ներկայացնելու իրենց գնահատականներն ու տեսակետները։ «Դրօշակի» խմբագրակազմը ակնկալում է, որ սկսված խոսակցությունը կունենա շարունակություն՝ ներգրավելով հայրենի և սփյուռքահայ այլ անվանի մտավորականների ու գործիչների, որոնց տեսակետների համար առաջիկայում ևս պաշտոնաթերթը սիրով կտրամադրի իր ամբիոնը։

«Դրօշակ»ի 2023թ 11-րդ համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո:

«Դրօշակ» թիվ 11 2023 թ.