Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 24-ից ընթերցողը համացանցի վրա կարող է գտնել «Դրօշակի» 2023 թվականի 10-րդ համարը։ Հերթական համարի առանցքում Արցախի ու արցախահայության հետ կապված հայ ժողովրդի մեծ ողբերգության թեման է։ Համարի առաջնորդողը անդրադարձ է այն մի քանի հիմնական եզրակացություններին, որոնք, դժբախտաբար, հաստատվում են կատարված իրողությամբ՝ որոնցից մեծ մասի անխուսափելիության մասին էլ տարիներ շարունակ ահազանգում էին ազգային ուժերը և, որոնք կեղծ լույսի տակ էր փորձում հանրությանը ներկայացնել օրվա բախտախնդիր ղեկավարությունը։ Տեղի ունեցած իրադարձությունները, փաստերի համադրմամբ, իր հոդվածում լուսաբանում է պատմաբան Անի Մելքոնյանը, միաժամանակ ներկայացնելով այն անելիքները, որոնք Հայաստանը պետական մակարդակով պետք է ձեռնարկի ոչ միայն Արցախի կորուստները ետ բերելու հնարավորություններ ստեղծելու, այլև Հայաստանին սպասվող աղետները կանխելու նպատակով։ Այս դեպքում ևս հեղինակի եզարակացությունը միանշանակ է՝ առանց դավաճան իշխանությունների փոփոխության հնարավոր չէ կանխել, ոչ Արցախի և ոչ էլ Հայաստանի ճակատագրական կորուստները։ Ուշագրավ և կարևոր է Մարի Հովհաննիսյանի «Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է» հոդվածը։ Մասնագիտական մոտեցմամբ նախ հեղինակը արցախահայության հետ կատարվածը բնութագրում է որպես ցեղասպանություն, և ապա լուսաբանում է, թե խնդիրը հայության կողմից ինչպիսի բնութագրումներով պետք է ներկայացվի, մասնավորապես, միջազգային ատյաններում` տեղի ունեցածը գնահատելով միջազգային իրավունքի տեսանկյունից։
Ամերկյան հետազոտությունների հայկական կենտրոնի` «Դրօշակի» համար գրված հոդվածն, այս անգամ, հետաքրքիր վերլուծություն է անկախացումներից հետո Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ որդեգրած քաղաքականության վերաբերյալ ինչպես և, գերտերության այսօրվա իրականացրած քաղաքայանությունն ու ծրագրերը մասնավորապես`Հայաստանի հարցում։
Հոկտեմբերի այս համարում եզրափակվում է Ավո Գաթրճյանի ծավալուն հոդվածը Դաշնակցական նշանավոր հետախույզ և «Նեմեսիս» գործողության առանցքային դերակատար, կուսակցական և քաղաքական գործիչ Հրաչ Փափազյանի մասին։ Կարծում ենք այս հոդվածը արժեքավոր է հատկապես նրանով, որ Հայաստանում, ցավոք, շատերը չեն ճանաչում այս երևելի, իր ապրածով հպարտություն ներշնչող ազգային գործչին։
2013 թվականի դեկտեմբերի 13-ին մեր գրականության ֆիդային՝ Մուշեղ Գալշոյանը կդառնար 90 տարեկան։ Հայրենասեր սասունցու և հրաշալի գրողի հիշատակին ի հարգանք և խոնարհում «Դրօշակը» ներկայացնում է սփյուռքահայ գործիչ, մշակութաբան Մովսես Հերկելյանի հուշերը մեծ հայի կյանքի եղերական դրվագի մասին։ Ընթերցումներ շարքից Ճարտարապետ, գրող, և հրապարակագիր, Վրեժ-Արմենն այս անգամ ներկայացնում է գրող և հասարակագետ Կլոդ Վայանգուրի «Նորազատականության վերջը» գաղափարական-իմաստասիրական աշխատությունը։ Խորագիրն իսկ հուշում է, որ աշխատությունը վերաբերում է մարդկության մտքերի, ինչպես և հասարակությունների վրա երկար ժամանակ իշխած ազատականության ու, մասնավորապես, նորազատականության գաղափարախոսության բարոյական սպառմանը և ճգնաժամին։ Ի դեպ, նման աշխատություններ վերջին շրջանում ծնվում են հենց արևմտյան աշխարհում, որոնց հետ ծանոթացումը օգտակար կլիներ նաև հայ «ժողովրդավարներին» ովքեր կուրորեն գնում են գլոբալիզմի ընդհանուր հոսանքի ետևից, երբ մարդկությունը կանգնած է մաշված և իրեն վարկաբեկված հասարակարգից ձերբազատվելու և պարզ մարդու, փոքր ժողովուրդների համար ավելի արդար աշխարհ ստեղծելու ճամփաբաժանի շեմին։
«Դրօշակի» ներկայացվող համարում ընթրցողը կգտնի այլ հետաքրքրական նյութեր ևս: «Դրօշակ»ի 2023թ առաջին համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո: