կարևոր
2764 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-11 19:07
Հասարակություն

Արայիկ Հարությունյանն ադրբեջանական բանտում է նաև այն պատճառով, որ շատ ավելին գիտի. Արթուր Խաչատրյան

Արայիկ Հարությունյանն ադրբեջանական բանտում է նաև այն պատճառով, որ շատ ավելին գիտի. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝  Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է գործեն, Արցախի ժողովուրդը պետք է ունենա իր լիազոր ներկայացուցիչը։

Ըստ նրա, հայ ժողովրդի մեծ մասը և իր քաղաքական ուժը չի համարում, որ Արցախի էջը փակված է։

«Եթե մենք համարում ենք, որ Արցախի էջը փակված չէ, ինչպե՞ս ենք պատկերացնում հետամուտ լինել այդ խնդրին՝ առանց Արցախի ժողովրդի իրավազոր ներկայացուցիչների։

Ցավոք, այն մարդիկ, ովքեր ասում են, թե Արցախում եթե իշխանությունը չփոխվեր, ոչինչ տեղի չէր ունենա, ցավոք, շատ լավ գիտեն, թե Արցախում ինչ է տեղի ունեցել։ Շատ լավ գիտեն, որ արցախցիներից որևէ մեկը չի պարտադրել Արայիկ Հարությունյանին, որ դա ոչ Արցախից եկող սպառնալիքի հետևանքով է  եղել։ Ի՞նչ է, ուզում են ասել, որ մենք չմիջամտեցինք Արցախում տեղի ունեցող սպանդին, քանի որ մեզ դուր չի եկել Արայիկ Հարությունյանի հրաժարակա՞նը։ Դրանո՞վ են հիմնավորում իրենց անգործությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Խաչատրյանը։

Ըստ պատգամավորի, ԱԺ-ի մեծամասնությունն Արայիկ Հարությունյանի կուսակցության անդամներն են, հետևաբար՝ ինչպե՞ս է տեղի ունեցել իշխանափոխություն։ Նա միաժամանակ հույս հայտնեց, որ մի օր ամեն ինչ կբացահայտվի։

«Այն, որ Արայիկ Հարությունյանն Ադրբեջանի բանտում է, նաև պայմանավորված է  նրանով, որ ինքը շատ ավելին գիտի և կարող է պատմել, քան այսօրվա իշխանությունները կցանկանային լսել։ Տեսեք, ադրբեջանական բանտում գտնվում են Փաշինյանի բոլոր քաղաքական հակառակորդները։ Հավանաբար՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև ինչ-որ պայմանավորվածություն կա»,- նշեց Արթուր Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների կողմից՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական առաջարկներին ծանոթանալուն և հայտնած մտահոգություններին, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ գաղտնիությունը հայտնելու առումով կաշկանդված են և ինքը, և իր գործընկերները, որոնք ծանոթացել են առաջարկներին։

«Կարծում եմ՝ Ալիևն ինչի մասին խոսում է, դրան էլ հասնում է, ցավոք։ Իրենք ասում են՝ խաղաղությունը հնարավոր է այն հինգ կետերի հիման վրա, որոնք առաջարկել էին։ Ադրբեջանը պարտադրում է, որպեսզի այդ «խաղաղությունը» հիմնվի ադրբեջանական հինգ կետերի վրա՝ առանց մանևրելու որևէ հնարավորության»,- ընդգծեց Արթուր Խաչատրյանը։