կարևոր
5527 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-14 16:06
Քաղաքական

Արայիկ Հարությունյանն ուզում է Ստեփանակերտ-Երևան կանոնավոր երթուղի մտցնել, որպեսզի ավելի շատ մարդիկ տեղաշարժվեն այդ «անցակետով»․ ԱՀ պատգամավոր

Արայիկ Հարությունյանն ուզում է Ստեփանակերտ-Երևան կանոնավոր երթուղի մտցնել, որպեսզի ավելի շատ մարդիկ տեղաշարժվեն այդ «անցակետով»․ ԱՀ պատգամավոր

Արայիկ Հարությունյանի հանդիպումները պայմանավորված են նրանով, որ նա դեկտեմբերին միաձայն որոշում կայացրեց, որ չեն տրվելու Ադրբեջանի պահանջներին, իսկ  այսօր հետքայլ է արել, և պարզվում է, որ իր նախանշած գծերը այդքան էլ կարմիր գծեր չեն։ Արայիկ Հարությունյանը իր հանդիպումներով փորձում է արդարացել իր հետքայլը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ ավելացնելով, որ Արցախում խուճապ չկա, կա իշխանություններից հիասթափություն։

«Ըստ օդում կախված լուրերի՝ Արայիկ Հարությունյանն ուզում է Ստեփանակերտ-Երևան կանոնավոր երթուղի մտցնի, որպեսզի ավելի շատ մարդիկ տեղաշարժվեն այդ անցակետով։ Սա Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել է, քանի որ Ալիևը տարբեր հանդիպումների ժամանակ հայտնում է, որ այս ճանապարհը բաց է, իր քաղաքացիները կարող են երթևեկել այդ ճանապարհով։ Միանշանակ կարող եմ ասել, որ Արայիկ Հարությունյանին այդ մասին մեր կողմից իրազեկվել է, երբ Բերձորն, Աղավնոն և Սոսը հանձնվում էր թշնամուն։ Մենք ասել էինք, որ վաղը նույն վիճակում հայտնվելու է Գորիս-Կապան ճանապարհը, երբ ադրբեջանցիները եկան անցակետ դրեցին և հետագայում դադարեց աշխատել, մենք ասեցինք, որ ընդունելով Ադրբեջանի այս ճանապարհը, որը միջանցքից դուրս է, և եթե չլինի եռակողմ համաձայնություն, որ միջանցքը տեղափոխում ենք այս հատված, ապա ունենալու ենք այս խնդիրները։ Այսօր Արայիկ Հարությունյանը փորձում է այս կերպ արդարացնել իր իսկ կողմից տրորված կարմիր գծերը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ երբ երկրի ղեկավարը որոշում է կայացնում, որ այդ անցակետը ընդունելի է այս ձևով և փորձում է մարդկանց ուղևորափոխադրումներ իրականացնել, խնդիրը գալիս է դրանից․

«Պետք է հասկանանք, թե որն է ընդունելին և որը՝ անընդունելի»,- ասաց նա։

Անդրադառնալով Ժոսեֆ Բորելի հայտարարությանը, Արցախի ԱԺ պատգամավորը նշեց, որ Փաշինյանը ոչ միայն առաջին ղեկավարն է, որը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, այլ այն եզակի հայերից է, որը Արցախն Ադրբեջանի մաս է համարում․

«Որևէ մարդու երակներով, եթե հայկական արյուն է հոսում, ապա նա չի կարող ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս և Փաշինյանը այն բացառություններից է, որը չի հետապնդում հայկական շահը և նա առանորդվում է Ադրբեջանի կողմից պարտադրանքներով, այլ ոչ թե հայկական շահով։ Փաշինյանն օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն է կրելու, գալու է այդ ժամանակը»,- ասաց նա։