Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արդարադատության նախարարությունը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Օրենքում նախատեսվում է, որ պետք է ստեղծվի «Մեդիա խորհուրդ», որը պետք է ուսումնասիրի ու «ճանաչի» ԶԼՄ-ների էթիկայի վարքականոնները։ Այդ խորհուրդը պետք է ձևավորեն Հայաստանում 15 տարվա փորձ ունեցող այն ՀԿ-ները, որոնք զբաղվել են ԶԼՄ-ների իրավունքների պաշտպանությամբ։ Այդպիսի ՀԿ-ներ են «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն», «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» և այլն, այս ՀԿ-ները հայտնի են որպես սորոսական ՀԿ-ներ։ Ի դեպ, նախագիծն էլ մշակվել է այդ ՀԿ-ների մասնակցությամբ՝ «ԶԼՄ-ների դիտորդ մարմնի» փորձագետների հետ համատեղ։
Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանին թեմայի առնչությամբ հարցրինք, թե ինչպե՞ս է վերաբեվում ԶԼՄ-ների էթիկական սահմանները որոշող մարմնի ստեղծման գաղափարին, և ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ դա անելու են վերը նշված ՀԿ-ները։
«Այս նախագծի ի հայտ գալն ու առաջիկայում ՔՊ-ական կոճակ-պատգամավորների կողմից հաստատվելու դեպքում, կարելի է կրկնել հանրահայտ Բիթլզի խոսքերը․ «Վերադարձ դեպի ԽՍՀՄ»։ Նկատի ունեմ, ԽՍՀՄ-ում գործող «Գրականության և հրատարակչության գլխավոր վարչության», հանրահայտ «Գլավլիտի» վերականգնումը։ Անկախության սերունդն անծանոթ է, թե ինչ էր իրենից ներկայացնում «Գլավլիտը»։ Ցանկացած տպագրության ներկայացված աշխատանք, անկախ բնույթից, լինի այն գրական, թե գիտական, պետք է անցներ «Գլավլիտ»-ով, այսինքն՝ գրաքննությամբ, որ տպագրվող նյութում, որևէ հակախորհրդային, կամ ԽՍՀՄ-ը, թեկուզ մեղմ քննադատություն բացառվի։Եվ ահա , այսօր ժողովրդավարություն հռչակած անկախ Հայաստանը գնում է դեպի գրաքննություն,ևս մեկ քայլ դեպի բռնապետություն։ Իհարկե, ժողովրդավարական երկրների լրատվամիջոցներից շատերն անդամակցում են տարբեր դիտորդ մարմիններին, կամ ունեն սեփական դիտորդ մարմինը, կամ լրատվամիջոցի օմբուդսմեն։ Սակայն, կա մի կարևոր հանգամանք, այդ ամենն արվում է կամավոր։ Որևէ ժողովրդավարական երկրում չեն կարող ստիպել լրատվամիջոցին դառնալ որևէ դիտորդ մարմնին անդամ և ենթարկվել նրա որոշումներին։Հիշեցնեմ, որ երբ այսօրվա վարչապետ կոչեցյալը թերթի խմբագիր էր, կտրականապես ,շատ կոպիտ կերպով մերժեց, որ իր խմբագրած թերթը լինի որևէ դիտորդ մարմնի անդամ։
Ինչ վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք կազմելու են ապագա «Մեդիա խորհուրդ» մարմնին, ապա եթե նրանք իսկապես խոսքի ազատության ջատագովներ են, պետք է ոչ միայն խստորեն քննադատեին նախագիծն, այլև հրաժարվեին գրաքննող մարմնին անդամակցելուց։ Սակայն,պարզվում է, որ նրանք ոչ միայն դեմ չեն, այլև մասնակցել են օրենքի նախագծի մշակմանը։Հետևելով այս 5, հատկապես վերջին 3 տարիների նրանց պահվածքին ու գործելաոճին, ապա այն սպասելի էր։Նախ, նրանցից ոմանք, ինչպես Աշոտ Մելիքյանն ու Բորիս Նավասարդյանը եղել են ԽՍՀՄ կոմկուսի խոսափող հանդիսացող «Լենինյան ուղիով» և «Կոմսոմոլեց» թերթերի պատասխանատու քարտուղար և բաժնի վարիչ, այսինքն կողմնակից են եղել խորհրդային գրաքննությանը։ Աշոտ Մելիքյանն ու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, պարտության պատասխանատու և Արցախն ուրացած,Արցախի հայաթափությանը մասնակից վարչապետ կոչեցյալի ջերմ երկրպագուներն են։ Վարչապետի հասցեին քննադատական խոսքեր չեմ լսել նաև ապագա «Մեդիա խորհուրդ» մարմնի հավանական այլ թեկնածուների կողմից նույնպես։
Ի՞նչ ասեմ, այս ամենին հասարակական լուրջ դիմադրություն չկա։ Եթե վարչապետ կոչեցյալը «մարսեց» պատերազմի պարտությունը, Արցախի ուրացումն ու բանտերը լցրեց քաղբանտարկյալներով, ապա ինչու չսանձել ազատ լրատվամիջոցներին։ Պատկերացնում եմ, երբ նախագիծը քննարկվի ԱԺ-ում, ընդդիմությունը կառուցողական կերպով սուր հարցեր կտա, առավել սուր ելույթներ կունենա և վերջ»,- պատասխանեց Իշխանյանը»։