Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-12-12 16:14
Քաղաքական

Եթե ընդդիմությունը ճիշտ «շահարկի» այս դեպքերը, ապա կարող է շահել. ԲՀԿ-ական պատգամավոր

Եթե ընդդիմությունը ճիշտ «շահարկի»  այս դեպքերը, ապա կարող է շահել. ԲՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի կարծիքով` եթե այսօր բռնություն են կիրառում Անկախության հռչակագրի խորհրդանիշ համարվող Արամ Մանուկյանի նկատմամբ, ապա վաղը կարող են պղծել նաև ՀՀ զինանշանը:

 

Այսօր լրագրողների հետ զրույցում Գուրգեն Արսենյանը դժվարացավ ասել` Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունը քաղաքական ենթատեքստ ունի՞, թե՞ ոչ, և որն է այդ բռնությունների նպատակը, քանի որ դա նրա բանականությունից դուրս է: «Ենթադրում եմ, որ դա կարող է կապվել նրա քաղաքական գործունեության հետ, բայց համոզված չեմ, փաստեր չունեմ»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով` Հայաստանում կա անպատժելիություն:

 

Հարցին, թե չի՞ պատրաստվում թիկնապահներով շրջել, պատասխանեց, որ միշտ շրջում է իր մի օգնականի հետ:

 

Արդյո՞ք պատգամավորն այս ամենի հետևում տեսնում է արտաքին ուժերի բացասական միջամտությունը` իրավիճակ սրելու համար: «Ո՞ր արտաքին միջավայրի մասին է խոսքը, Սոմալի՞: Եթե Սոմալին տենց հեռահար ծրագիր մշակի, ուրեմն բացառված չէ»,- հեգնեց պատգամավորը:

 

Հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն այդ բռնությունները դատապարտող հայտարարություն չարեց, Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ կանեն հայտարարություն»: «Տեցի կրուգի» ոճի գործողությունները, ըստ պատգամավորի, քաղաքակիրթ հասարակությանը քաղաքակիրթ հարթությունից տանում են այլ հարթություն:

 

Հարցին` ընդդիմադիր հայացքներ արտահայտելն արդեն ռիսկայի՞ն է դառնում, պատգամավորը պատասխանեց. «Ընդդիմադիր հայացքներ արտահայտելը միշտ էլ ցանկացած երկրում, անգամ` կայացած հասարակություններում, ռիսկային տարրեր է պարունակում»: Պատգամավորը դատապարտում է, երբ քաղաքակիրթ հասարակություններում որոշ խնդիրները լուծվում են արտադատարանական հաշվեհարդարներով, ինչը վտանգավոր և զգուշացնող տենդենց է:

 

Գուգեն Արսենյանը կարծում է, որ այս դեպքերից ընդդիմությունը միանշանակ շահում է, որովհետև ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների ու քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունների արդյունքում հասարակության անդամները կկորցնեն իրենց վստահությունը իշխանության անաչառության նկատմամբ: «Եթե ընդդիմությունը ճիշտ «շահարկի» այս դեպքերը, ապա կարող է շահել այս իրադարձություններից` ավելի խտացնելով իշխանությունների նկատմամբ քաղաքացիների բողոքը»,- ասաց նա: