կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-03 18:51
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կոճակներս պոկել են, կոճակ առ կոճակ պատասխան են տալու»․ ՀՅԴ ՀԵՄ 24 խաղաղ ցուցարար բերման է ենթարկվել

«Քաշքշել, կոճակներս պոկել են․ կոճակ առ կոճակ պատասխան են տալու»․ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից Yerkir.am -ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ՝ բերման ենթարկված խաղաղ ցուցարար Գերասիմ Վարդանյանը։

24 խաղաղ ցուցարարի ոստիկանությունը բերման է ենթարկել ԿԳՄՍ նախարարության դիմացից․ 19 հոգու վարչական ձերբակալում են կատարել և տեղափոխել Կենտրոնական բաժին, ևս 5 հոգու՝ Էրեբունու բաժին։

Նա ընդգծեց, որ ոստիկանության բաժանմունք իրենց բերել են անհիմն, Ոստիկանությունը հակաօրինական գործողություններ է արել։

«Բնականաբար, հասկանում ենք, որ սա արել են կառավարության հրահանգով, կառավարության հանձնարարականով։ Մենք ասում ենք՝ եթե իրենց թվում է, թե մեզ փռել են ասֆալտին, իրենք այս ամեն ինչից հետո որպես քաղաքական մարմին ասֆալտին փռված են»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։

Նրանք համաձայն չեն իրենց ոստիկանություն բերման ենթարկելու որոշման հետ հետևյալ պատճառաբանությամբ․ «Եթե ոստիկանությունը «Հուզանք ու զանգ» մշակութային միջոցառումն անելու համար ապահովում է անվտանգությունը, որպեսզի կատարվի այդ միջոցառումը, մենք էլ ԿԳՄՍ նախարարության դիմաց էինք մշակութային միջոցառում անում՝ ընթերցանություն, Սահմանադրություն էինք ընթերցում, ազգային դեմքերի մասին դրվագներ էինք ընթերցում ու արգելեցին, որ մշակութային միջոցառում անենք»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։

Այս պահին Կենտրոնի բաժանմունք բերման ենթարկվածներին այցելել են ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները։

Գերասիմ Վարդանյանն ասաց․ «Ամեն ինչ նորմալ է, դուրս ենք գալու, Արայիկին այդտեղից պիտի հանենք»։

Ոստիկանությունից տեղեկացրին, որ նախապատրաստվում են նյութեր Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու մասին։ Վարչական ձերբակալումը տևում է 3 ժամ։

Ավելի վաղ Yerkir.amհայտնել էր, որ Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել ԿԳՄՍ նախարարության դիմաց անհնազանդության խաղաղ գործողություն իրականացնող ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստների նկատմամբ, բերման են ենթարկվել ցուցարարներ, նրանցից 4-ի անունը հայտնի է․ Գերասիմ Վարդանյան, Արգիշտի Գևորգյան, Դավիթ Հունանյան, Ալիկ Ասատրյան։ Մյուսների անուններն այս պահին ճշտվում են։

Գերասիմ Վարդանյանը նաև ֆեկսբուքյան գրառում է կատարել․ «Եթե կառավարությանը թվում է ինձ փռեց ասֆալտին թյուրիմացության մեջ է, իրենք որպես քաղաքական մարմին արդեն ասֆալտին փռված են։ Պատասխան եք տալու ու կրակի հետ եք խաղում...»։

Աննա Բալյան