կարևոր
1945 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-27 17:22
Քաղաքական

Հայաստանը և Հունգարիան տարբեր ոլորտներում գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնել

Հայաստանը և Հունգարիան տարբեր ոլորտներում գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ընդգծել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Արարատ Միրզոյանը Հունգարիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

Սա Հունգարիայի ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստան՝ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո: Միրզոյանն ասաց, որ աշխատանքներ են տարվում նոր փոխադարձ այցելություններ կազմակերպելու ուղղությամբ:

«Պետեր Սիյարտոյի հետ անդրադարձել ենք Հայաստան-Հունգարիա երկխոսության հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում՝ մասնավորապես քաղաքական երկխոսության, տնտեսական հարաբերությունների, գիտական, կրթական, մշակութային ոլորտներում առկա իսկապես լուրջ ներուժն իրացնելու, տնտեսությունում հնարավոր ներդրումները խթանելու ուղղությամբ: Ընդգծել ենք էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունը»,-ասաց Սիյարտոն:

Երկու երկրների ԱԳ նախարարները կարևորել են նաև ապակենտրոնացված  համագործակցության հնարավորությունների իրացումը:

Հայաստանը բարձր է գնահատում Հունգարիայում պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված հայ համայնքի գոյությունը և Հունգարիայի կառավարության հոգածությունը հայ համայնքի նկատմամբ: Հայաստանի ԱԳ նախարարը դրա վառ օրինակներից համարեց Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկե եկեղեցու վերաբացումը:

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև ընդլայնվող գործընկերությանն առնչվող հարցեր: Քննարկվել են տարածաշրջանային տարբեր ծրագրերին Հայաստանի ներգրավվածությունը՝ մասնավորապես վկայակոչելով նաև Հայաստանի վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությունը: Այդ հայտարարությունում նշվել է, որ հանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է «Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը»: