Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՀ ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյանի հայտարարությունը հունիսի 4-ին ԱՀ Ազգային ժողովի արտահերթ լիագումար նիստին:
«Մենք կատաստրոֆայի ծայրին ենք: Սիստեմի կրիզիսը հասել է այստեղ: Եվ ինչն է դրա պատճառը: Այն, որ ամսի 1-ին երեխաները դուրս եկան ինչ-որ բողոք հայտնելո՞ւ: Ոչ: Այն խնդիրները, որ կուտակվել են թե Հայաստանում, թե Արցախում, թե ընդհանրապես մեր շուրջ: Մենք խոսում էինք Թավշյա հեղափոխության մասին: Ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, եղել է քաղաքական երկրաշարժ հայության մեջ: Երկրաշարժ էր սա, ոչ թե հեղափոխություն կամ իշխանափոխություն՝ մեզ բոլորի համար և, առաջին հերթին, մեր մտածելակերպի մեջ, որովհետեւ մենք արդեն իսկ տարիների ընթացքում սովորել ենք բյուրոկրատ լինել՝ մեկը ասի, մենք անենք: Քաղաքական գործընթաց, քաղաքական կամք, քաղաքական մտածելակերպ, էլ չեմ ասում՝ պետական, սկսել է վերանալ մեր մեջ: ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ենք այսօր ստեղծում: Այս տարիների ընթացքում չե՞ն եղել հասարակական հնչեղություն ունեցող դեպքեր: Մի բան փորձե՞լ ենք անել: Ոչ:
Երբ որ Հայաստանում կատարվում էր այդ երկրաշարժը, մենք հավաքվե՞լ ենք գոնե՝ հասկանալու՝ կազդի՞ դա մեզ վրա, թե ոչ: Չենք հասկացել, որ չի կարող հայրենիքի մի մասում մի բան լինի, այս մասում ուրիշ: Ինչու՞ չենք արել: Դավիթ Մելքումյանն իր ելույթում ասաց, որ ինքն իրեն է մեղադրում: Ես էլ ինձ եմ մեղադրում, որովհետեւ ես դա տեսել եմ, եւ ներողություն եմ խնդրում, որովհետեւ ամենամեծ մեղավորը ես եմ: Ես էլ եմ այս երկրի ղեկավարը եղել: Տեսնում էի՝ ինչ էր կատարվում, տեսնում էի՝ ինչ է կատարվելու, որովհետեւ դուք բոլորդ ինձ հետ միասին բյուրոկրատներ եք, ուղղակի՝ բյուրոկրատ:
Եվ վերջինը, որ ուզում եմ ասել՝ այն, ինչ կատարվել է, մեր անվտանգությանը հզոր հարված էր: Կապ չունի՝ ինչից է սկսվել, ով է սկսել, ինչ պատճառով է սկսվել: Դա սկսվել է, եւ արդեն կատաստրոֆիկ վիճակի եզրին ենք: Որո՞նք են այդ վիճակի դրդապատճառները:
Մեղավորները ես եմ եւ դուք: Մեր երեք կուսակցությունները մեկ տարի առաջ հայտարարեցին, որ նախագահը մեր թեկնածուն է: Եվ ի՞նչ: Այսօրվա վիճակում իրեն մենա՞կ չենք թողել: Մենա՞կ չէ: Մենակ է: Ի՞նչ ենք մենք արել: Ուրեմն՝ մենք կեղծում ենք: Ներքին ինտրիգայի խնդիրներ կան, որոնք չեն բացահայտվում եւ չեն քննարկվում: Այս է իրավիճակը: Որեմն, ինչ է, պետք է քաղաքական երկրաշա՞րժ լիներ Հայաստանում, որ մենք դա հասկանանք: Անընդհատ խոսում էինք անվտանգության մասին: Որպես խորհրդարան՝ մենք գոնե փորձե՞լ ենք հասկանալ՝ ինչ է կատարվել եւ ինչ դրդապատճառ ուներ ապրիլի 2-ի կատարվածը: Գոնե մտածե՞լ ենք դրա մասին:
Այսօր հղում ենք անում, որ՝ այո, ամսի 2-ը փոխել է, երիտասարդները եկել են: Գալու են, բա ի՞նչ են անելու: Բոլորը այդ ճակատով անցել են, գայլի աչքը տեսել են: Մինչեւ ե՞րբ ենք դա անելու:
Որոշել ենք առանձին հանդիպում խնդրել նախագահից, որպես երկրի ղեկավարի, մեր առաջարկները եւ պահանջները ներկայացնել: Եկել է քաղաքական կամք ցուցաբերելու եւ ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկելու ժամանակը:
Ապրիլյան դեպքերի ժամանակ ես ինքս ինձ եմ մեղադրել, որ ես փորձառու եմ՝ կարծես թե, բայց չեմ կարողացել կանխատեսել ապրիլյան դեպքերը: Ինչու՞: Հիմա տեսնում եմ, որ արդեն եկել է մեր գործողությունները մոբիլիզացնելու ժամանակը: Վաղը պատերազմ է: Չե՞ք տեսնում: Չե՞ք լսում:
Եվ վերջինը: Իրոք, անկեղծ լինենք, չսկսենք այսօրվա վիճակում մտածել, թե 2020 թվից հետո ինչ է լինելու: Չմտածենք դրա մասին: Անենք այն, ինչ պետք է այսօր անենք: Խաղեր չխաղանք: Այդ մեկը որպես մարդ եմ ասում, որովհետեւ դա արդեն իսկ շատ պարզ երեւում է:
Չի կարելի քո սեփական ինքնիշխանությունը ինչ-որ մեկին տալ: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն այստեղ, տեղում: Միայն դա է լինելու երաշխիքը, որ սա լինելու է պետություն: Թե չէ՝ արդեն սկսել ենք կեղծել: Մենք էլ չենք հավատում՝ մենք պետություն ենք, թե ինչ ենք: Եթե վաղը այն երիտասարդները մեզ գնդակահարեն այս դահլիճում, գուցե արդար կլինեն»: