Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն` դա ադրբեջանական նարատիվ է, մեզ մոտ կա ցեղասպանվե՞լ, թե՞ ինքնապաշտպանվել, որովհետև Ադրբեջանն իր բոլոր գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղությունը իր համար ընդունելի չէ, բացի Հայաստանի կապիտուլյացիայից: Եթե մենք դրան համաձայն չենք, պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք, որ ապահովենք մեր տարածքային ամբողջականությունը, Արցախի ժողովրդի քաղաքական իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը: Բայց Հայաստանի իշխանությունները մեզ որևէ լավ տեղ չեն տանում. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շեշտեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը երեկ ստորագրել է հայտարարություն, որով ճանաչել է տարածքային ամբողջականության սկզբունքը, այսօր պետք է իր օկուպացիոն զորքերը արդեն դուրս բերեր Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերից:
«Ցավոք սրտի, այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը բերել է նրան, որ Հայաստանը վերածվել է բախումների թատերաբեմի: Թե որտեղ են ընթանում բանակցությունները, դա երկրորդական հարց է, առաջին հարցն այն է, թե բանակցությունների սեղանին ինչ է դրված, եւ այն մարդը, որ Հայաստանն է ներկայացնում, արդյոք պաշտպանում է հայկական շահերը: Ցայժմ մենք որևէ հիմք չունենք պնդելու, որ Հայաստանի բանակցողները պաշտպանում են Հայաստանի շահերը», - ընդգծեց Արթուր Խաչատրյանը։