Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս իշխանությունները երկիրը տանելու են նոր կապիտուլյացիայի: Մեր թիվ մեկ անելիքն է՝ ձեւավորել ազգային դիմադրություն, կանխել Հայաստանի թուրքացումն ու վիժեցնել նոր կապիտուլյացիան. Yerkir.am-ի հաղորդմամբ` ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Աբովյան քաղաք այցելության ժամանակ:
Նշենք, որ «Հայաստան» դաշինքը շարունակում է իր մարզային այցելությունները։ Այս անգամ նրանց կանգառը Աբովյան քաղաքն էր: Աբովյանցիների հետ հանդիպմանը ներկա էին «Հայաստան» դաշինքի անդամներ Սեյրան Օհանյանը, Ելենա Կիրակոսյանը, Արամ Վարդեւանյանը, Արծվիկ Մինասյանը եւ Քրիստինե Վարդանյանը: Դաշինքի անդամները խոսեցին Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած խնդիրներից, անվտանգային հարցերից, ներկայացրեցին անցնող ամիսների` իրենց գործունեությունը, կարեւորեցին ժողովրդի աջակցությամբ ազգային դիմադրություն ստեղծելու հարցը, պատասխանեցին քաղաքացիներին հուզող հարցերին։
Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ եթե չկարողանան կանխել այս իշխանոթյունների՝ նոր կապիտուլյացիայի տանող քաղաքականությունը, ապա երկիրը կգնա նոր աղետի: «Ամենամեծ ողբերգությունն այն է, որ երեկ Սյունիքում ՔՊ-ական տարբեր գործիչներ երթ էին անում՝ հպարտ քայլելով Գորիսի փողոցներով ու գոռալով՝ «Ապագա կա՛, կա՛ ապագա»: Սա ծաղր է, հայհոյանք ու վիրավորանք մեր ժողովրդի նկատմամբ: Այն իշխանությունը, որը երկիրը տարել է կապիտուլյացիայի, որի օրոք Սյունիքում ռազմավարական ճանապարհ, հայկական բնակավայրեր անցել են թշնամուն, Գորիսում գոռում է՝ «Ապագա կա»: Սա ծաղր է հայ մարդու, մեր արժանապատվության նկատմամբ: Գորիսի քաղաքապետին ապօրինի կալանավորել են, իրենք ընտրարշավ են անում: Վեց ամիս առաջ քայլեիք Գորիսում, եթե քայլող էիք»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Ի. Սաղաթելյանի խոսքով՝ այս քաոսային եւ աղետաբեր իրավիճակից դուրս գալու համար պետք է ձեւավորել ազգային դիմադրություն, շարունակել ժողովրդի հետ տուն առ տուն աշխատել, մարդկանց բացատրել, որ պայքարը ոչ թե իշխանության, այլ պետականության համար է:
«Սրանք Հայաստանը տանում են նոր կապիտուլյացիայի, պետք է կարողանանք կանխել այդ կապիտուլյացիան: Հիմա ակտիվ քննարկումներ են գնում Հայաստանի հասարակական-քաղաքական, վերլուծական տարբեր շրջանակների հետ ազգային դիմադրություն ձեւավորելու եւ մեր հասարակության լայն զանգվածներին համախմբելու ուղղությամբ: Մեր այսօրվա թիվ մեկ խնդիրն ու անելիքը հենց սա է՝ ձեւավորել դիմադրությունը, կանխել Հայաստանի թուրքացումը, կանխել նոր կապիտուլյացիան, իսկ այդ ամենի գլխավոր ճանապարհը սրանց հեռացնելն է»,- ասաց նա:
Ի. Սաղաթելյանը ընդգծեց՝ խորհրդարանական մանդատներով որեւէ կերպ կաշկանդված չեն, ընդհակառակը՝ կիրառելու են խորհրդարանի ողջ գործիքակազմն ու հնարավորությունները, զուգահեռաբար շարունակելու են փողոցային պայքարը, հասնելու են համընդհանուր անհնազանդության: ԱԺ փոխխոսնակը շեշտեց՝ ամբողջ աշխարհը, գերտերությունները, Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ այս երկրում կա դիմադրություն:
Խոսելով տարածաշրջանային զարգացումներից՝ Ի. Սաղաթեյանը նշեց, որ, տարածաշրջանում եռացող իրադարձությունների ֆոնին, հայտնի չէ, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ում հետ ինչ է բանակցում:
«Տարածաշրջանը եռում է, նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է, ակնհայտ է, որ տեղի են ունենում շատ ակտիվ բանակցություններ, ի՞նչ է բանակցում այս մարդը: Միակ բանը, որ գիտենք, այն է, որ գալիս է «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եւ նոր դարաշրջան բացելու»: Ինչի՞ մասին է նա խոսում, այս ամենը գուցե լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության եւ Արցախի կարգավիճակի հաշվի՞ն: Այս հարցերի պատասխանները չգիտենք: Մեկ տարի առաջ ասում էր՝ «բանակցում եմ այն, ինչ ուզում եմ»: Հիմա էլ է գնում այդ տրամաբանությամբ, մի օր կանգնելու ենք նոր փաստի առաջ»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ ժամանակը քիչ է, պետք է կազմակերպեն ժողովրդին, ստեղծեն դիմադրություն: ԱԺ փոխնախագահը կոչ արեց չհիասթափվել, չնահանջել, քանի որ, առաջ գնալուց բացի, այլ ճանապարհ չկա:
Ընտրություններից հետո մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերները եւ ճգնաժամը, Ի. Սաղաթելյանի խոսքով, շարունակում են մնալ չհաղթահարված, ավելին՝ այդ խնդիրները ավելի են խորացել: «Հունիսի 20-ին միասին գնացինք ընտրության, որպեսզի հեռացնենք այս իշխանությանը: Այսօր մենք շատ ենք քննադատվում, ասում են՝ գնացին խորհրդարան, մանդատները վերցրին, մոռացան «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը, էլ չեն ասում՝ դավաճան ու կապիտուլյանտ: Հավաստիացնում ենք՝ մեր օրակարգում եւ գնահատականների մեջ որեւէ բան չի փոխվել: Այդ մանդատներով որեւէ կերպ կաշկանդված չենք, պարզապես պայքարին պետք է հաղորդենք նոր ուժ, նոր ոգի, կազմակերպվենք եւ հասնենք մեր նպատակին»,- նշեց նա՝ շեշտելով՝ որեւէ բան չի փոխվել, Հայաստանի այսօրվա իշխանությունները չեն կարող եւ ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի շահերը:
Ի. Սաղաթելյանի խոսքով՝ քանի դեռ այս իշխանությունները կան, ո´չ խաղաղություն է լինելու, ո՛չ կայունություն: «Սրանց ցնորամիտ եւ ինքնահռչակ գաղափարախոսությունը, թե եկել են` տարածաշրջանում բացեն խաղաղության դարաշրջան, անհեռանկար գաղափարախոսություն է: Այս տարածաշրջանի խաղաղությունը կախված չէ մեզնից: Ամենագլխավոր եւ կարեւոր հարցը՝ այդ խաղաղությունը ո՞ւմ հաշվին եւ ինչի՞ հաշվին պետք է լինի: Երբ մենք խոսում ենք այս հարցերի մասին, մեզ հաճախ ասում են, թե` պատերազմ եք ուզում: Շարունակում են մեր ժողովրդին վախեցնել այն թեզով, որ` ահա, նախկինները եկան՝ պատերազմ է լինելու: Պատերազմը եղել է սրանց ժամանակ եւ պատերազմի ու նոր կապիտուլյացիայի վտանգ կա այս ապիկար իշխանության օրոք»,- նշեց նա:
ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ շեշտեց՝ իրենց օրակարգի թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ երկրի անվտանգությունը, սահմանների եւ Արցախի անվտանգության հարցը: Ըստ նրա` խաղաղություն չեն մուրում, խաղաղություն պարտադրում են, իսկ վարչապետի աթոռին հայտնված անձը, Ի. Սաղաթելյանի ձեւակերպմամբ, իր այդ խղճուկ, ծնկի եկած վիճակով չի կարողանում երկրում ապահովել խաղաղություն, անվտանգություն. նրանք վաղուց չեն սպասարկում ժողովրդի եւ պետության շահերը: Սաղաթելյանը հիշեցրեց, որ պատերազմից անցել է մեկ տարի, եւ իշխանությունները երկրի անվտանգության եւ պաշտպանության ուղղությամբ որեւէ քայլ չեն ձեռնարկել: «Վերջերս ականատես եղանք մեր պաշտպանական դիրքերի կահավորվածությանը, վիճակին»,- մատնանշեց նա:
ԱԺ փոխնախագահը ցավով արձանագրեց՝ մեծագույն ողբերգությունն այն է, որ մեր ազգը, մենք՝ բոլորս, դարձել ենք անտարբեր, մահերը մեր երկրում դարձել են սովորական:
«Երասխում երկու զոհ ունենք, մեկ ժամ լուրը գնաց, մի քանի ֆեյսբուքյան ստատուս, անցավ: Վարդենիսում ունենք նոր գերիներ, Արցախում՝ թշնամու կողմից գնդակահարված խաղաղ բնակիչ: Մահերը դարձել են սովորական: Հաշվեք, թե վերջին ամիսների ընթացքում օրական քանի սպանություն է տեղի ունենում Երեւանի կենտրոնում. որդին՝ հորը, բարեկամը՝ բարեկամին, վենդետաներ, ռազբորկաներ, ամեն օր սպանություններ: Այս ամենը դարձել է սովորական, անզգա ենք դարձել, կորցրել ենք մեր դիմադրությունը: Այսպես շարունակվելու դեպքում կորցնելու ենք մեր պետականությունը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Լիանա Սարգսյան