Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ընդամենը 2 օր առաջ ադրբեջանական կրակոցից հայ զինվոր է զոհվել Վայոց ձորի մարզի Բարձրունի համայնքի սահմանին: Զոհված Գերասիմ Առաքելյանն ամուսնացած էր: 3-ամյա աղջնակի հայր էր:
Չնայած այս ամենին, ՀՀ իշխանություններն Ադրբեջանի հետ ցանկանում են սկսել «խաղաղության դարաշրջան»՝ անտեսելով ադրբեջանական կողմի ցանկացած ագրեսիվ գործողություն՝ սկսած Արցախյան ցեղասպանական ոճիրներից, ավարտած «մեր թուրանի» ու «Արևմտյան Ադրբեջան» հասնելու թշնամական երազանքներով:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ադրբեջանական գործողություններն ու սահմանին տեղի ունեցածը պատասխանն են Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի», և ուղիղ ցուցիչ են, որ Ադրբեջանը չի պատրաստվում հանդուրժել ՀՀ գոյությունը:
«Ադրբեջանական ռազմավարական պլաններում, իրենց պատկերացրած տարածաշրջանում չկա ինքնուրույն հայկական պետություն տարր: Իրենք իրենց այդ ռազմավարական նպատակի հետևից են գնում: Հիմա իրենց համար կատարվող իրադարձությունները հնարավորությունների պատուհան է, որովհետև Հայաստանը գտնվում է ամենաանպաշտպան վիճակում:
Եթե մենք ունենք պաշտոնյաներ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ, որոնք գերեվարության մեջ են, և միակ սուբյեկտը, ով պարտականություն ունի կոնկրետ քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ, ու որևէ բան չի անում: Անգամ հայտարարություն չի հնչում առաջին դեմքերի մակարդակով: Երբ մենք մեր տարածքների համար չենք պայքարում, երբ նահատակների մասունքները չեն կարողանում վերադարձնել, թշնամին կրակում է, կորուստներ է պատճառում ու մնում է անպատասխան, ու դրա հետևանքով ավելի սանձարձակ է դառնում»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ «խաղաղության խաչմերուկ» ստեղծել, դա ցուցադրում է թե՛ սահմանին կրակելով, թե՛ պայմանավորված հանդիպումներին չներկայանալով:
Որպես շարունակություն, նոյեմբերի 30-ին կայացած ԵԱՀԿ նախարարների համաժողովում հայկական ու ադրբեջանական կողմերը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցրել միմյանց հասցեին: Ադրբեջանական կողմը հայկական կողմին մեղադրել էր «խաղաղության պայմանագրի» ստորագրումը ձգձգելու մեջ, իսկ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ արցախահայերին ավելի քան 9 ամիս սովի մեջ պահելուց հետո Արցախը բռնի հայաթափելուց հետո էլ Բաքուն չի հանգստանում՝ թիրախավորելով նաև ՀՀ ամբողջ տարածքը:
Սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են անգամ 15 օրում ստորագրել «խաղաղության պայմանագիրը»: Իսկ նախօրեին ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողներին հայտնել էր, որ հայկական կողմից Ադրբեջանի իշխանություններին ուղարկված «Խաղաղության պայմանագրի» 6-րդ տարբերակի շուրջ առաջարկներին Ադրբեջանը դեռ չի արձագանքել:
Այդուհանդերձ, հաշվի առնելով սահմանային վերջին դեպքը, որքանո՞վ է Ադրբեջանին զսպում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման փաստը: Ի պատասխան՝ Քրիստինե Վարդանյանն արձագանքեց՝ հայտարարելով, որ անվտանգության առումով մեր հույսը պետք է նախևառաջ դնենք մեզ վրա:
«Երկրորդն էլ պետք է գտնենք դաշնակիցներ, ովքեր կարող են իրական օգնություն ցուցաբերել մեզ: Հիմա հեռադիտակով զինված ԵՄ դիտորդի հարցն էլ չէ, այլ այն ուռճացված սպասումները, որ դիտորդները կարող են անվտանգություն բերել մեզ: Իրականում, մեր պաշտպանունակությունը, ոչ թե կեղծ խաղաղության քարոզը, այլ բանակի հզորացումն ու մոբիլիզացիան կարող են ապահովել: Բայց դա չեն կարողանում ապահովել Սուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը: Նրանք խորհրդանշում են պարտությունը, ատելությունն ու բաժանարար գծերի անցկացումը»,- ասաց Վարդանյանը:
Պատգամավորի խոսքով՝ դա կարող է անել մարդ, ով հաջողել է պաշտպանել իր պաշտպանական շրջանը, հաղթանակ է կերտել, և ոչ թե պարտություն բերել ժողովրդի գլխին:
«Չի կարող մեկը, ով 3 տարի խաղաղությունից խոսելով՝ 3 պատերազմ է բերել մեր գլխին, ապահովել պաշտպանունակություն և խաղաղություն: Աշխարհում նման դեպք չի եղել: Մենք չենք կարող բնության շեղում դառնալ: Այնպես որ, չպետք է թողնենք, որ մեզ համոզեն, որ մի 200 դիտորդ կարող է ապահովել մեր անվտանգությունը: Խնդիրն այստեղ նաև անաչառությունն է:
Դիտորդների տեղակայման պայմաններում ոչ միայն մարդիկ են սպանվում, այլև կրակում են ՀՀ ինքնիշխան տարածքում գործող գործարանի ուղղությամբ: Գործարանը փաստացի տեղափոխվում է: Հայաստանի տարածքներն օկուպացվում են, բայց դրա մասին առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնողը ստիպված խոսում է, երբ իրեն ընդդիմադիրներն են հարց տալիս, ոչ թե դիտորդներն են արձանագրում դա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ հարցը ոչ թե դիտորդներն են, այլ անվտանգության խնդիրը, որն առկա է:
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը» ստորագրել 15 օրվա ընթացքում, եթե ադրբեջանական կողմը քաղաքական կամք դրսևորի՝ Վարդանյանն ասաց, որ մեղք է ներկա իշխանությունների կողմից ստորագրված որևէ թուղթ» անվանել խաղաղության պայմանագիր կամ խոսել խաղաղության մասին:
«Միակ խաղաղությունը, որ իրենք կարող են բերել մեզ՝ գերեզմանային խաղաղությունն է: Ոնց որ իրենց պատկերացմամբ լուծեցին Արցախի հարցը՝ հայաթափելով, այնպես էլ հիմա իրենց լկտիությունը թույլ է տալիս ասել, որ Արցախի հարցը լուծել են: Այդ նույն ձևով էլ այդ «խաղաղությունն» են բերելու Հայաստանի համար: Հետևաբար՝ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Ո՞նց կարող է խաղաղություն լինել մեկի հետ, ով, չնայած այսքան զիջումներին, դեռ հարձակվում է քո սահմանների վրա, կրակում ու սպանում է քո զավակներին, գերության մեջ է պահում քո երկրի ղեկավարներին: Այդպիսի բարբարոսություն ո՞վ է տեսել: Պատերազմում շատ երկրներ են պարտվել, ո՞ր մի երկրի ամբողջ ղեկավարությանն են վերցրել ու տարել գերի: Այդ բարբարոսի հետ ինչպե՞ս է լինելու խաղաղություն: Մենք տուն մտած կողոպտիչի հետ խաղաղության մասի՞ն ենք խոսում, թե՞ փորձում ենք պաշտպանվել: Հետևապես, իրենց «խաղաղությունը» կարող է լինել միայն գերեզմանային»,- եզրափակեց Քրիստինե Վարդանյանը:
Աղբյուրը՝ 168.am
Նազելի Ստեփանյան