կարևոր
3763 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-09 13:15
Աշխարհ

Վաշինգտոնը չի կարող պարտադրել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը. Նեդ Փրայս

Վաշինգտոնը չի կարող պարտադրել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը. Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին հանդիպմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նեդ Փրայսն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, ինչը, նրա խոսքով, բավական դրական ազդակ է:

«Հանդիպման ժամանակ արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները և առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել պետքարտուղար Բլինքենին, ամերիկյան կողմին՝ երեկվա քննարկումները կազմակերպելու համար։ Պետք է նշեմ, որ պետքարտուղար Բլինքենը երեկ ներգրավված էր քննարկումներում, սակայն օրվա ընթացքում երկու կողմերը հնարավորություն ունեին հանդիպելու և փորձելու հարթել իրենց տարաձայնությունները, որոշ դեպքերում՝ առանց Միացյալ Նահանգների ակտիվ մասնակցության», - նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Փրայսը դարձյալ ընդգծել է կողմերի միջև ուղիղ երկխոսության կարևորությունը:

«Մենք շարունակում ենք հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի խթանմանը: Կարծում ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և երկարատև խաղաղության հասնելու համար», - նշել է Փրայսը:

Դիվանագետը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն այս գործում միջնորդի դեր ունի, երկու երկրներին հանդիպելու հնարավորություն է ընձեռել, սակայն չի կարող կողմերին ոչինչ պարտադրել:

«Միացյալ Նահանգները չի փորձում, չի ցանկանում և նույնիսկ չի էլ կարող համաձայնագիր պարտադրել երկու կողմերին: Մենք պարզապես տրամադրում ենք վայր և ստեղծում հնարավորություն, որպեսզի երկու կողմերը հանդիպեն, հասկանան իրենց տարաձայնությունները, որոնք բավական շատ են, և փորձեն հարթել դրանք», - հավելել է Փրայսը:

Փրայսը նաև նշել է, որ Վաշինգտոնը չի կարող պարտադրել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև կայուն խաղաղությունը:

«Մենք նրանց չենք ներկայացնում մի փաստաթուղթ, որը պատրաստ է ստորագրման: Մենք անում ենք ամեն բան, որպեսզի հնարավորություն ընձեռենք դիվանագիտության համար, որի համար քայլեր նրանք իրենք պետք է ձեռնարկեն, և դա նման է մեր մոտեցմանը ամբողջ աշխարհում մի շարք մարտահրավերների առումով, որտեղ մենք ցույց ենք տվել այս մոդելի կենսունակությունն ու արդյունավետությունը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը՝ որպես օրինակ բերելով ԱՄՆ դիվանագիտական ջանքերն Իսրայելում և Լիբանանում, Եթովպիայում, Եմենում և այլուր:

Եզրափակելով իր խոսքը՝ Փրայսը բավական դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպումը:

Հիշեցնենք՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը հանդիպել էին նոյեմբերի 7-ին՝ Վաշինգտոնում: