կարևոր
4678 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-24 11:41
Քաղաքական Իրավական

«Ես այնտեղ չեմ եղել»․ Վագիֆ Խաչատրյանը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները

«Ես այնտեղ չեմ եղել»․ Վագիֆ Խաչատրյանը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները

Բաքվի ռազմական դատարանում Զեյնալ Աղաեւի նախագահությամբ տեղի ունեցած դատավարության ժամանակ տուժողի դերում հանդես է եկել Ալիշ Ալիշովը, ով, իբր, հայտնի իրադարձությունների ժամանակ Մեշալի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն էր։ Ալիշովը ասել է, թե Լեսնոյ անվամբ վայրում, իբր, ադրբեջանցիների սպանության դեպքի օրը Խաչատրյանին տեսել է առավոտյան, երբ Մեշալի գյուղում կրակոցներ են սկսվել։

«Հայերը հազարից ավելի էին, երբ մեր հարեւան Գանիմատին կացնահարեցին, նա նույնպես այնտեղ էր։ Գանիմատը կացնով հարվածել է գլխին, ապա կրակել։ Վագիֆն ու եղբայրն այնտեղ են եղել, որքան էլ նա հերքել է դա»,- ասել է Ալիշովը։

«Ես այնտեղ չէի»,- միջամտել է  Խաչատրյանը։

«Մենք բոլորիդ ճանաչում ենք: Դուք սպանել եք նույն ընտանիքի անդամներին։ Քաջություն ունեցեք, խոստովանեք, մարդկանց մի տանջեք»,- պատասխանել է վկա ներկայացող Ալիշովը։

Նա ասել է, թե, իբր, հայերը դպրոցը խոցել են «Ալազան» հրթիռով, կրակել են Շուշի քաղաքից ժամանած սննդի մեքենայի վրա և փակել գյուղ տանող բոլոր ճանապարհները, որի արդյունքում գյուղը շրջափակման է ենթարկվել։

«Այդ օրը զոհվել է 25 մարդ, հայերն այրել են բոլոր դիակները։ Կանանց ու երեխաներին ձնառատ եղանակին ոտաբոբիկ դուրս են քշել գյուղից»,- ասել է Ալիշովը։

Ապա դատախազը ՎագիՖ Խաչատրյանին հարցրել է, թե ինչն է հրահրել գյուղի ադրբեջանցի և հայ բնակիչների միջև թշնամանքը։ Վագիֆ Խաչատրյանը պատասխանել է, որ Մեշալի գյուղում երկու ազգերի ներկայացուցիչներն էլ համերաշխ են ապրել, ադրբեջանցիները գնացել են հայկական հարսանիքների և հակառակը։

Հիշեցնենք՝ Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու Բաքու էր տարվել ամռանը, երբ փորձում էր Հակարիի ադրբեջանական անցակետով սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան գալ։ Ձերբակալությունից մի քանի ժամ անց Բաքվից հայտարարել էին, թե նրան վաղուց են փնտրում, անգամ միջազգային հետախուզում են հայտարարել։ Առայժմ պարզ չէ, թե դատախազը քանի տարվա ազատազրկում կպահանջի Խաչատրյանի համար։