Եվրոպական հեռարձակող միությունը, որը զբաղվում է
«Եվրատեսիլ
» երգի մրցույթի կազմակերպման աշխատանքներով, հերքել է Ադրբեջանի իշխանությունների
մեղադրանքները, թե իբր ձայների սխալ հաշվարկ է տեղի ունեցել. հաղորդում РИА Новости-ն:
Ընկերության ներկայացուցիչ Յարմո Սիյմը ասել է, որ Ադրբեջանը ոչ մի ձայն չի տվել Ռուսաստանը ներկայացնող Դինա Գարիպովային: «Այդ փաստն արձանագրվել է ձայների հաշվարկի մեր գործընկեր Digame ընկերության և անկախ դիտորդների կողմից»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2013»-ի` մայիսի 18-ին կայացած եզրափակիչում Ռուսաստանը Ադրբեջանի ներկայացուցչին տվել էր առավելագույն` 12 միավոր, մինչդեռ Ադրբեջանից ստացել 0 միավոր: Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել էր ձայների վերահաշվարկ կատարել` պարզելու համար, թե ինչու է Ռուսաստանը ներկայացնող Դինա Գարիպովան Ադրբեջանից զրո միավոր ստացել: Իսկ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարել էր, թե իրականում Ադրբեջանը Ռուսաստանին 10 բալ է տվել:
Իր հերթին, ռուսական կողմը, մասնավորապես` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ
հայտարարել էր, որ անընդունելի է համարում այդ փաստը, և որ դա անպատասխան չի մնա: