կարևոր
41857 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-12 18:48
Քաղաքական Մշակույթ

Շքեղ միջոցառումներով ազգային աղետը քողարկել հնարավոր չէ

Շքեղ միջոցառումներով ազգային աղետը քողարկել հնարավոր չէ

44-օրյա պատերազմից հետո՝ կապիտուլյացիայի, հազարավոր զոհերի, կորսված տարածքների, իսկ ավելի ուշ՝ Արցախում ամիսներ շարունակ շուրջ 120 հազար մարդու գերության ու սովամահության շեմին գտնվելու փաստն անգամ չխանգարեց Փաշինյանի վարչախմբին բազմաթիվ միջոցառումներ, ճոխ ճամփորդություններ ու մեծածախս փառատոններ կազմակերպել։  Yerkir.am-ը փորձել է ճշտել` կառավարությունը այս երեք տարիներին պետական բյուջեից որքա՞ն գումար է հատկացրել մշակութային ծրագրերին՝ համերգներին ու փառատոններին։ 

Կառավարության տրամադրած 2021-ի, 2022-ի եւ նաեւ 2023-ի գրավոր տեղեկատվության ցուցակից բացակայում են Ազգային Բանակի, Անկախության կամ Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառումները։

2021-ի սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված շքեղ միջոցառման համար, որի կազմակերպումը հանրային լայն քննարկման առիթ էր դարձել, կառավարությունը տեղեկացրել էր, որ պետբյուջեից միջոցներ չի հատկացրել։ Իսկ կազմակերպիչ «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն հայտարարել էր, որ անհրաժեշտ գումարը ներգրավել է  մասնավոր հովանավորներից։ Սակայն այդպես էլ չպարզվեց, թե ովքեր կամ ինչ կազմակերպություններ են եղել դրանք։

2019-ից ի վեր՝ ՀՀ անկախության տոնին կառավարությունը կազմակերպում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։ 2022-ին, Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի պատճառով՝ կառավարությունը հետաձգեց Անկախության օրվա միջոցառումը եւ այն կայացավ դեկտեմբերի 28-ին։ Իսկ այս տարի, այն չեղարկվեց արցախյան վերջին ողբերգական իրադարձությունների պատճառով։ Տրամադրված տեղեկության մեջ այս մրցանակաբաշխության անունը նույնպես գոյություն չունի եւ պարզ չէ, թե կառավարությունը ինչքան գումար է ծախսում այս մրցանակաբաշխության համար։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, օրինակ՝ 2022-ին կառավարությունը 150 մլն դրամից ավել գումար է հատկացրել այս մրցանակաբաշխությանը։

Հակասահմանադրական բազում քայլերի դիմած ու պետական խորհրդանիշերը վարկաբեկած իշխանությունը այս տարի 28 մլն 445 հազար դրամ հատկացրել է Սահմանադրության եւ պետական խորհրդանիշերի օրվան նվիրված տոնական միջոցառմանը, որն անգույն էր ու չոգեշնչող եւ որին չափազանց քիչ էր մարդկանց մասնակցությունը։ 

2021-ին բավական կոկիկ գումարով՝ 1 մլն 224 հազար դրամով կառավարությունը կազմակերպել էր «Արցախի համն ու հոտը» փառատոնը՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել անհապաղ պաշտպանության կարիք ունեցող հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության՝ արցախյան խոհանոցի, կենցաղի, արհեստների կենսունակության պահպանման վրա: Արցախից հրաժարվելու քաղաքականությունն  արտացոլանքը նաեւ մշակույթի ոլորտում է գտել եւ կառավարությունը փաստացի նպատակահարմար չի գտել այդ փառատոնի կազմակերպումը շարունակական դարձնել։

Այս տարվա միջոցառումների ցանկում ամենածախսատարներից է եղել Հանրային հեռուստաընկերության կազմակերպած «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որին պետբյուջեից տրամադրվել է 176 մլն 798 հազար դրամ։ 

Գործող իշխանությունը ինչքան էլ փորձում է ցուցադրական տոնական տրամադրություն ստեղծել ու հասարակությանը հրամցնել «միայն խաղաղություն լինի» եւ «կյանքը շարունակվում է» կեղծ արժեքները, մի բան հստակ է՝ օր օրի խորանում է ազգային աղետը։

Մեղրի Ղուկասյան