Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, այդ թվում՝ գործարարների, Հայաստանում բիզնես սկսելու դժվարությունները հիմնականում կապված են սկզբնական ներդրումների, տարածքի վարձակալության և արտադրանքի սպառման հետ։ Պետությունից ակնկալում են մի փոքր ուշադրություն և գոնե փոքր բիզնեսի խթանմանն ուղղված միջոցառումներ։ Արցախցիների պարագայում դա սոցիալական ծանր բեռը թոթափելու մեծ շանս է, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը։
ՀՀ կառավարությունը եթե աջակցի արցախցիների փոքր բիզնեսներին՝ կկարողանան ավելի արագ ոտքի կանգնել
-Հայաստանում սովորեցի պատրաստել շոկոլադներ։ Հիմա դրանով եմ զբաղվում։
Ալվինա Գաբրիելյանը 2023-ի սեպտեմբերին տեղահանվել է Ստեփանակերտից, որտեղ փոքրիկ արտադրամաս-սրճարան ուներ։ «Մի կտոր երջանկություն»․ այսպես էր կոչվում Ալվինայի բիզնեսը, որը արցախցիներին շուրջ 1 տարի ուրախություն էր պարգևում հրուշակեղենի տեսքով, իսկ շրջափակման վերջին ամիսներին՝ միայն կենսական նշանակություն ունեցող երանելի հացի։
Մեծ ճանաչում ու սեր են հասցրել վաստակել Արցախում։ Մեծ տեսականի ունեին քաղցրավենիքի, համեղ թխուկների, կարկանդակների և թխվածքների։ Անհատական պատվերների մեծ աճ էին արդեն գրանցում մինչև Արցախի շրջափակումը։ Մի քանի ամիս աշխատելուց հետո Արցախը հայտնվեց պաշարման մեջ։ Իրավիճակն իր կանոններն էր թելադրում՝ հումքի աստիճանաբար պակասման, այնուհետև գրեթե լրիվ բացակայության պայմաններում սկսեցին այլընտրանքային բաղադրատոմսեր փնտրել ու նորարարությունների դիմեցին։ Համեղ էքսպերիմենտներ էր ստացվում։
-Վերջին ամիսներին արդեն ոչինչ չկար։ Պետության տված ալյուրով իմ անձնակազմի հետ հաց էինք թխում,-պատմում է Ալվինա Գաբրիելյանը։
Մի փոքր վերափոխված անվամբ, բայց նույն ջանասիրությամբ ու եռանդով Ալվինան փորձում է վերաբացել «Մի կտոր երջանկություն Արցախից»-ը Հայաստանում։
-Տեղահանումից հետո հաստատվել ենք Երևանում։ Մեր փոքրիկ արտադրամասը վերաբացելու ցանկությունը մեծ է, աշխատանքային թիմս սպասում է լավ նորության, որն անընդհատ ձգձգվում է,- ասում է մեր զրուցակիցը։
Առաջնային խնդիրը հասանելի տարածք գտնելն է, որը հարմար կլինի և՛ որպես փոքրիկ արտադրամաս, և՛ որպես սրճարան։ Շուրջ 9 ամիս նման տարածք էինք փնտրում։ Մի քանի հարմար տեղ գտան, սակայն գները «անմարդկային» բարձր են։
-Մեզ նաև սարքավորումներ են պետք ու սառնարաններ, որը էլի ներդրումներ է պահանջում։ Իսկ մենք մեր գրեթե ողջ խնայողությունները ծածկել ենք այս ողջ ընթացքում տուն վարձակալելու, դեպոզիտներ վճարելու և այլ հոգսերի համար։
Ալվինան փորձում է մասնակցել տարբեր տոնավաճառ-ցուցահանդեսների, դասընթացների, հանդիպումների։ Բայց նաեւ ասում է՝ եթե ՀՀ Կառավարությունը ուշադրության կենտրոնում պահի և աջակցի արցախցիների փոքր բիզնեսներին, իրենք էլ կկարողանան մի փոքր ավելի արագ ոտքի կանգնել ու եկամտի աղբյուր ունենալ։
Աջակցության ծրագրեր չկան․ Թադևոս Ավետիսյան
Եթե նպատակը պոպուլիստական կամ քաղաքական չէ, ըստ Թադևոս Ավետիսյանի, պետք է ամբողջական գործարար ծրագրի ֆինանսավորում լինի, նաեւ հետադարձ կապի եւ աջակցությունից հետո պետական որոշակի մոնիթորինգի կամ վերահսկողության մեխանիզմներ ներդրվեն։
«Այնինչ, աջակցության ծրագրեր չկան։ Ըստ էությամ, սա նշանակում է, որ իրականում նման լիարժեք նպատակադրում էլ չկա։ Որովհետեւ ցանկացած ծրագիր եթե արդյունավետ դիտարկենք նախ՝ բիզնեսի պետական աջակցության կամ պետական-մասավոր գործընկերության մոդելների տեսանկյունից, այդտեղ առաջնային սկզբունքը համարժեք աջակցությունն է եւ երկրորդը՝ նաեւ հետադարձ կապը։ Ինչո՞ւ եմ սա կարեւորում, որովհետեւ եթե դա չկա՝ նշանակում է, որ մեծ է ռիսկը եւ դրված միջոցները չեն հասնի նպատակին եւ չեն ծառայի շահառուի համար որպես եկամտաստեղծ գործունեություն։ Դրա համար այս երկու սկզբունքների հիման վրա ծրագրեր պիտի մշակվեն»,-ասում է Թադեւոս Ավետիսյանը։
Այսպիսի ծրագրեր չկան, փոխարենը «ոտքի վրա» մտածված՝ աջակցության տարբեր գաղափարների մասին են խոսում, նշում է նա, եւ դա զուտ ասում են՝ լսեցնելու եւ ցույց տալու համար, թե ինչ-որ աջակցություն են ուզում ցուցաբերել՝ ավելի շատ խոսելու, քան իրական գործի եւ նպատակի համար։
Եթե հնարավոր լիներ արցախցի գործարարներին տարածք տրամադրել առանց վարձ վճարելու որոշ ժամանակ՝ մեծ օգնություն կլիներ
Քրիստինե Հասրաթյանը մասնագիտությամբ իրավաբան է, սակայն տեղահանությունից հետո, մասնագիտությամբ աշխատանք չգտնելով, որոշել է փոխել ուղղությունը՝ տնային տեքստիլի արտադրությամբ է զբաղվում։ Արցախցիների մասնագիտական կողմնորոշմամբ և ձեռնարկատիրությանն աջակցող տարբեր ՀԿ-ների առաջարկած ծրագրերով վերապատրաստվել է և բիզնես է հիմնել՝ «Galant Home»։
-Կարում եմ սփռոցներ, խոհանոցային սրբիչներ, անձեռոցիկներ, մանկական ծածկոցներ, դեկորատիվ բարձեր և այլ բազմազան տեսականի,- ներկայացնում է Քրիստինեն։
Հիմնականում, արցախցիների ձեռագործ արտադրանքը սպառման խնդիր ունի, քանի որ պոտենցիալ գնորդների հոգեբանությունն ու նախապատվությունները ուսումնասիրելու ժամանակը քիչ է եղել։ Բայց կենցաղային խնդիրները չեն սպասում՝ զբաղվածության հարցը արագ լուծել է պետք։
Փոքրիկ բիզնեսի հեղինակ Քրիստինեին հուզող խնդիրները հիմնականում ընդհանրական են շատերի համար։
-Տարածքի վարձակալության խնդիր ունեմ։ Եթե հնարավոր լիներ ինչ-որ մեծ տարածք տրամադրել, որտեղ կմիավորվեին արցախցի գործարարները և առանց վարձ վճարելու որոշ ժամանակ, օրինակ 1 տարի, հնարավորություն ունենան վաճառել իրենց արտադրանքը, մեծ օգնություն կլիներ մեզ համար,- առաջարկում է երիտասարդ բիզնեսմենը։
Կառավարությունը նույնիսկ չգիտի՝ արցախցիների ինչ բիզնես ներուժ կա Հայաստանում
Փոքր եւ միջին բիզնեսին աջակցության՝ աշխարհում կիրառված բազմաթիվ գործիքներ կան, նկատում է Թադեւոս Ավետիսյանը, բայց դա չի նշանակում, որ եթե որեւէ երկրում այս կամ այլ գործիքը կոնկրետ շահառու խմբի համար արդյունք է ունեցել՝ պարտադիր մեր դեպքում եւս այդ նույն արդյունքը կապահովի։
«Այսինքն, այստեղ աշխատանք է պետք, պետք է խորամուխ լինել եւ ամեն դեպքում աջակցության որեւէ պետական ծրագիր պիտի սկսվի համատարած կարիքի գնահատումից, ի վերջո, այդ մարդկանց հետ պետք է հանդիպել, քննարկել, ընդհանուր հասկանալ նաեւ նրանց պատկերացումները, սպասելիքները եւ երկրորդը՝ այո՛, ծրագիրը պետք է համալիր լինի․ եթե ինչ-որ աջակցություն ես ցուցաբերում կիսատ-պռատ՝ դա նշանակում է ուղղակի պետական բյուջեի միջոցը փոշիացավ, նպատակին չհասավ, շահառուն էլ բիզնեսմեն չդարձավ»,-ասում է տնտեսագետը։
ՀՀ կառավարությունը, նրա համոզմամբ, նույնիսկ չգիտի՝ ձեռնարկատիրական ինչ ներուժ կա, որին տիրապետում են մեր Արցախի հայրենակիցները․ ինչ ներուժ կա այստեղ բիզնես մեկնարկելու, ստարտափերի եւ ըստ ոլորտների․ կարիքների գնահատումից հետո միայն հնարավոր կլինի ավելի մանրամասն խոսել։
«Դրա համար ավելի լավ է քիչ թվով, բայց համապարփակ աջակցություն, որպեսզի դա ծառայի նպատակին։ Եվ երրորդ սկզբունքը հետադարձ կապն է եւ մոնիտորինգը, որ, այո՛, պետական բյուջեից հատկացված միջոցները պետք է ծառայեն իրենց նպատակին եւ նաեւ պետության առջեւ դրված այդ նպատակը լուծելու հետեւից պիտի պետությունը գնա եւ վերահսկի։ Եվ չորրորդը՝ բացի ֆինանսական աջակցությունից՝ արտոյալ վարկեր, հարկային արտոնություններ, դրանից զատ նաեւ անհրաժեշտ է ուղեկցում․ մարդիկ նաեւ խորհրդատվական աջակցության կարիք ունեն՝ իրավական խորհրդատվության, բիզնես խորհրդատվության, որովհետեւ նոր միջավայր է, ի վերջո, պիտի ինտեգրվեն այս նոր միջավայրում՝ ինչքան էլ ասենք կապված ենք եղել եւ այլն, միեւնույն է՝ նոր միջավայր է»,-նշում է ընդդիմադիր պատգամավորը։
Նրա համոզմամբ՝ որոշակի ժամանակահատված օբյեկտիվորեն անհրաժեշտ կլինի այդ խորհրդատվական աջակցության եւ ուղեկցման համար։
Լայն սպառման հարթակների կարիք կա
Անչափահաս 3 երեխաների մայր Վիկտորյա Պետրոսյանն Արցախից բռնի տեղահանվելուց հետո Հայաստանում թթուների բիզնեսով է զբաղվում։ Արցախցիները միշտ աչքի են ընկել թթու դնելու իրենց ձիրքով։ Հայաստանում և՛ արցախցիներն են գնում նրա թթուները, և՛ Հայաստանի հայրենակիցները։
Վարձով ապրելու ու երեք անչափահաս երեխա մեծացնելու համար միայն Վիկտորյայի ամուսնու աշխատավարձը բավարար չէր։ Տան վարձ, կոմունալներ, երեխաների պարապմունքներ և այլ կենցաղային հոգսերը ֆինանսական բավարարություն են ենթադրում։
-Ամուսնուս առաջարկով որոշեցինք ընտանեկան բիզնես սկսել՝ թթուների բազմազան տեսականի ենք ներկայացնում։ Արցախյան ավանդական թթուներին զուգահեռ առաջարկում ենք նաև նորույթներ՝ դդմիկի, բրոկոլիի, շամպինյոնի տեսքով,- ներկայացնում է Վիկտորյան։
Երիտասարդ ընտանիքի փոքրիկ բիզնեսը կարճ ժամանակում հասցրել է սիրվել շատերի կողմից և արդեն մշտական հաճախորդների բանակ է ձևավորվում։
Դեռևս աշխատում են տնից՝ ամուսինն էլ առաքում է պատվիրատուներին։ Մեծամասշտաբ պատվերների կարիք ունեն՝ խանութների ցանց, ռեստորաններ կամ այլ ավելի լայն սպառման հարթակներ, որպեսզի մեծ քանակությամբ արտադրանք առաքեն մեկ կետի։
Արցախցիները Հայաստանում բիզնեսի կազմակերպման բավականաչափ ներուժ ունեն եւ ափսոս է, որ դա չի կիրառվում
Տնտեսագետ-պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը բազմաթիվ անգամներ է եղել Արցախում եւ, առերեւույթ գնահատելով, կարծում է, որ թե՛ փոքր բիզնեսի ինքնազբաղվածության առումով, թե՛ սպասարկման ոլորտում, թե՛ գյուղատնտեսության վերամշակող արդյունաբերության հատվածում, եւ թե՛ հյուրանոցային տնտեսության ու ռեստորանային, հանրային սննդի կազմակերպման ոլորտներում բավականաչափ կուտակված ներուժ կա, որն այժմ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։
«Այո՛, այստեղ բիզնեսի կազմակերպման բավականաչափ ներուժ կա կուտակված եւ ափսոս է, որ մենք դա չենք կիրառում եւ մի մասը արդեն, ես ձեզ վստահեցնում եմ՝ տեղեկատվություն կա, որ այդ մարդկանց մի մասը արդեն հանգրվանել են այլ երկրներում։ Ես վստահ եմ, որ նրանց էական հատվածը նաեւ բիզնեսը կմեկնարկեն այդ երկրներում եւ հետագա կյանքը կկազմակերպեն»,-ասում է Թադեւոս Ավետիսյանը։
Նա ցավով նշում է, որ ՀՀ կառավարությունը այս բիզնես ներուժը չի կիրառում, որովհետեւ կա՛մ, ընդհանրապես, ապիկար կառավարման հայտնի առաջնորդներ են եւ այդպիսի որեւէ բիզնես ծրագիր կամ պետական աջակցության ծրագիր իրենց օրոք միշտ ենթակա է եղել ձախողման, եթե չասի՝ նաեւ լի կոռուպցիոն ռիսկերով, կա՛մ ինքն ուղղակի համոզված է, որ նրանք մեծ ցանկություն եւ քաղաքական նպատակադրում չունեն արցախցիներին Հայաստանում ինտեգրելու։
Իսկ թե ինչու չունեն նման նպատակադրում՝ իրենց արյունակիցների համար Մայր հայրենիքում կենսապահովման պայմաններ ստեղծելու՝ Թադեւոս Ավետիսյանը հարցով է պատասխանում․ «Այդ դեպքում իրենց պիտի հարցնեք, թե ինչո՞ւ հանձնեցին Արցախը, ինչո՞ւ են այսքան ավտանգային սպառնալիքներ բերել լցրել մեր երկրի գլխին, ինչո՞ւ են անպատասխան կրակում Երասխում ներդրումների վրա, ինչո՞ւ է մեր երկրից օտարերկրյա կապիտալը փախչում, ինչո՞ւ են հանրությանը բաժանել սեւերի եւ սպիտակների, ինչո՞ւ են քայքայել մեր դիմադրողականությունը մինչեւ վերջ եւ շարունակում են քայքայել․ այս բոլոր հարցերի պատասխանները երբ ստանաք՝ ինքնաբերաբար կստանաք նաեւ արցախցիներին հայրենիքում պետականորեն բավարար չափով չսատարելու պատասխանը»։
Իրինա Հայրապետյան
Աննա Բալյան
Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ: