կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-16 16:53
Քաղաքական

Այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը. Վերին Բազմաբերդի համայնքապետ

Այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը. Վերին Բազմաբերդի համայնքապետ

Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդի համայնքապետ Արտաշես Սաֆարյանը հայտարարություն է տարածել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը: Հայտարարության տեքստում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Մենք կորցրել ենք մեր Հայրենիքի՝ Արցախի զգալի մասը, տարածքային զիջումների ենք գնացել Հայաստանի Հանրապետության տարածքներից, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական և սոցիալական բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման բեռը շարունակում է մնալ հասարակ ժողովուրդի ուսերին: Այս  ամենի համատեքստում, նույնիսկ ամենափոքր թվացող հարցերը չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված:

Հայաստանի կառավարությունն իրավիճակին չի տիրապետում, հակառակորդը շարունակում է ոտնձգություններ կատարել մեր սահմանների, զորքի, խաղաղ բնակչության նկատմամբ:  Այս ամենի ապացույցն են ամեն օր շարունակաբար հանձնվող հողատարածքների, գյուղերի, նոր գերիների մասին ստացվող լուրերը:

 Կառավարության անհեռատես քաղաքականության արդյունքում գերիների, հանձնված տարածքներում մնացած զինծառայողների դիակների վերադարձման հարցը մնում է չլուծված:

Յուրաքանչյուր րոպեն հայ ժողովրդի համար թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի ես՝ Արտաշես Սաֆարյանս, հանդիսանալով ՀՀ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ համայնքի համայնքապետ, միանում եմ ժողովրդին և պահանջում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը»: