Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար Սիրիայի կառավարությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, որոնք, ըստ նախատեսվածի, իրականացվել են: Կազմվել են մի քանի նախարարությունից բաղկացած կառավարական խմբակ, ինչպես նաև հատուկ շտաբի հանձնաժողովներ:
Որոշումներ են կայացվել նահանգների, քաղաքների, արվարձանների և գյուղերի միջև երթևեկությունը դադարեցնելու վերաբերյալ: Սահմանվել են պարետային ժամեր՝ կասեցնելու քաղաքներում տրանսպորտի և հետիոտնի երթևեկությունը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր, Սիրիա-Հայաստան բարեկամական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը։
Նրա խոսքով՝ քաղաքներում ախտահանման աշխատանքներ են իրականացվում, փակվել են պետական հիմնարկները, կրթական հաստատությունները՝ դպրոցներն ու համալսարանները: Չեն գործում նաև ճաշարաններն ու մարզասրահները, հանրային կառույցներն ու վայրերը:
«Սիրիայի ներքին գործերի նախարարությունը փակել է երկրի բոլոր անցակետերը և որոշել է մեկուսացնել անօրինական երկիր մուտք գործած Սիրիայի քաղաքացիներին: Ինչ վերաբերում է Խորհրդարանին, նստաշրջանի ավարտին շաբաթվա նիստերը (մարտ ամսվա վերջին շաբաթն էր) չեղյալ են համարվել: Ներկայումս Սիրիայում կորոնավիրուսով վարակված 16 դեպք է արձանագրվել, որոնցից երկուսը մահվան ելքով: Անպայման պետք է արձանագրեմ, որ Սիրիայի համար դժվար է պայքարիլ այս համաճարակի դեմ Սիրիայի դեմ սահմանված և պարտադրված տնտեսական պատժամիջոցների պատճառով, որոնք բացասական ազդեցին առողջապահական ոլորտի վրա: Այդ պատճառով վերջերս Սիրիայի ԱԳ նախարարությունը նամակներով դիմեց ՄԱԿ-ին Սիրիայի դեմ պատժամիջոցներ ձեռնարկած երկրների վրա ճնշում գործադրելու համար, քանի որ դրանք խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի օրենքները»,-ընդգծեց Արիսյանը:
Անդրադառնալավ Սիրիայի հայկական համայնքին՝ պատգամավորն ասաց, որ Դամասկոսի հայերը հետևում են կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր պահանջներին: Հայկական եկեղեցիներն ու միությունները հետևում են պետական օրենքներին՝ փակելով իրենց կենտրոնների դռները:
«Մեր վարժարաններն անցել են առցանց դասավանդման: Բոլորս փորձում ենք մեղմացնել տագնապը՝ մեր համայնքին աջակցելով թե՛ նյութական, թե՛ բարոյական իմաստով: Հայկական վարժարանների անձնակազմի աշխատավարձները տանում են ուսուցիչների տներ: Իսկ Դամասկոսի Առաջնորդ Արմաշ Եպս. Նալբանդյանի հովանավորությամբ Ազգային Քաղաքական Ժողովի անդամները, նյութական օժանդակություն են ցույց տվել կարիքավոր ընտանիքներին»,-ներկայացրեց Արիսյանը:
Նա նշեց, որ մի շարք միություններ՝ ինչպես օրինակ «Սիրիայի Օգնության Խաչ»-ը, շարունակելով իր ծառայությունը, նյութական նպաստներ և Սուրբ Զատիկի առթիվ նյութական օժանդակություն է ցույց տվել կարիքավոր ընտանիքներին: «Ա Ահարոնյան» կենտրոնը կազմել է բժշկական խորհրդատու մարմին, ինչպես նաև շտապի հանձնախումբ: «Դամասկոսում միություններն ու բարերար ազգայիններն օժանդակում են գաղութին այս դժվար պայմաններում»,-եզրափակեց Նորիա Արիսյանը:
Հայերը Սիրիայի տարածքում բնակվել են վաղնջական ժամանակներից։ Սիրիահայ ժամանակակից համայնքը ձևավորվել է 1915-1920-ական թվականներին` Հայոց Ցեղասպանության հետևանքով սկսված զանգվածային բռնագաղթից հետո։
Սիրիայում գործում են՝ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու Սիրիայի թեմը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմը, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիներ։
Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների և հայկական բարեգործական, կրթական և մշակութային կազմակերպությունների հովանու ներքո գործում են հայկական դպրոցներ, թատերական ու երաժշտական խմբեր, արվեստի «Սարյան ակադեմիա», «Արշիլ Գորկի» (համազգայինի հովանու ներքո) և «Արմիս» դպրոցները։ Սիրիայում Բերիո թեմի առաջնորդարանի հովանավորությամբ գործում է Սիրիահայ գրողների միությունը։
Հալեպում լույս է տեսնում Ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։
Անժելա Համբարձումյան