կարևոր
3259 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-11 19:06
Հասարակություն

Արմեն Աշոտյանի կալանքը գրավով, տնային կալանքով և անձնկան երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություններ ներկայացվեցին

Արմեն Աշոտյանի կալանքը գրավով, տնային կալանքով և անձնկան երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություններ ներկայացվեցին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելն իմաստազուրկ է, խոշտանգման տարրեր է պարունակում։ Այս մասին դատական նիստի ընթացքում հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ միջնորդելով վերացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն առհասարակ կամ փոխարինել անազատության հետ չկապված խափանման միջոցով։

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի, ԵՊԲՀ նախկին հաշվապահ Լարիսա Պարսեղյանի, դեղագետ Մարթա Սիմոնյանի, Ռոլան Դավթյանի վերաբերյալ գործով նախնական դալասումները։

Դատարանում քննության առարկա դարձվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու կամ անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու հարցը։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հիշեցրեց, որ քրեական վարույթի շրջանակներում Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր բացակայելու արգելքը, մինչև 2023թ․ հունիսը Արմեն Աշոտյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացվել, ավելին, վարույթն իրականացնող մարմինը մերժել է առերեսումներ իրականացնելու միջնորդությունները։2023թ հունիսին մեղադրանքը լրացվեց, ապա՝ Արմեն Աշոտյանը ձերբակալվեց և կալանավորվեց։ Փաստաբանի դիտարկմամբ՝ ի սկզբանե Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Աթանեսյանը, հրավիրելով դատարանի ուշադրությունը, «իրավական անոմալիաների» վրա, հիշատակեց գործով իրականացված ՕՀՄ-ները, որտեղ ակնարկում են, թե մեղադրյալ Մարթա Սիմոնյանի ամուսինը և վկաներից մեկը հանդիպել են։

«Գիտեք, տարբեր խոսակցություններ են երկու ընկերոջ՝ գինովցած։ Հանդիպել են պարոն Աշոտյանին, ասել՝ ինչ անենք, Մարթա Սիմոնյանը կալանքի տակ է, Արմեն Աշոտյանն էլ որպես տղամարդ, ասել է՝ եթե նպատակն է ինձ բռնելը և տիկին Սիմոնյանին կալանքի միջոցով ստիպում են իմ դեմ ցուցմունք տա, ոչ մի խնդիր չկա, թող իմ դեմ ցուցմունք տա, ես պատրաստ եմ գնամ նստեմ։ Պարկեշտ տղամարդու արարք, բա ինչ պետք է ասեր»,-նշեց Աթանեսյանը՝ հավելելով, որ կալանավորման պահին առհասարակ այս հարցերի շուրջ հարցաքննություն չի եղել, ցուցմունքի փոփոխություն չի եղել, խոչընդոտման հավանականության մասին խոսք լինել չի կարող, Աշոտյանի կալանավորումը միայն քաղաքական է։ Նրա խոսքով՝ բացի քաղաքական հետապնդումը, Աշոտյանի նկատմամբ կալանավորումը նաև խոշտանգման տպավորություն ունի։ Ռուբեն Մելիքյանը միջնորդեց Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխել անազատության հետ չկապված խափանման միջոցներով՝ առաջարկելով գրավը՝ 40 մլն դրամի չափով և տնային կալանքով։ Բացի այդ, Արմեն Աշոտյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել նաև ԱԺ պատգամավորներ, Արշակ Սրբազանը, Մերսոպ Եպիսկոպոսը։

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։