կարևոր
4318 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-05 11:15
Իրավական

Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, բեկանել է  Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքը և որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Գայանե Հակոբյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Հիշեցնենք՝ 2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանն ասել է, որ Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի  «ռեպլիկներ» են հնչեցրել: Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: