կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-08 17:51
Իրավական

Դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը

Դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ վերջինիս պաշտպանի և մամուլի մի շարք ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունը, որոշում է կայացրել մերժել այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այս մասին 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Մասնավորապես՝ դատախազը համարել է, որ ներկա փուլում քրեական գործով իրականացվում է ակտիվ նախաքննություն և դեռևս պետք է կատարվեն բազմաթիվ քննչական, այլ դատավարական գործողություններ, որոնց պայմաններում որևէ այլ խափանման միջոց, բացի կալանավորումը, ի զորու չեն կանխելու մեղադրյալի հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը, չեզոքացնելու կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշմամբ դատարանի կողմից նշված հիմքերը: Բողոքի հեղինակին հեռախոսով տեղեկացվել է որոշման կայացման մասին: