կարևոր
7291 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-14 15:21
Արցախ

Պետք է պայքարենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն անպայման որոշում կայացնի․ Դավիթ Բաբայան

Պետք է պայքարենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն անպայման որոշում կայացնի․ Դավիթ Բաբայան

Դժբախտաբար, խոսքից դեպի գործ անցում չկա։ Հենց այսպես է բնորոշում միջազգային հանրության «անատամ» հայտարարությունները Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Yerkir.am-ի հետ զրույցում Բաբայանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ի որոշման համաձայն Ադրբեջանը պետք է բացեր Արցախի կյանքի ճանապարհը, բայց այդպես էլ այդ որոշումը  Հայաստանի և Արցախի համար որևէ էական արդյունք չունեցավ։

«Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ կարողանում է ծաղրել միջազգային հանրության ցանկացած որոշում։ Սա լուրջ խնդիր է, սա ոչ միայն մեզ համար է խնդիր, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար է խնդիր»,- նկատում է Արցախի նախագահի խորհրդականը։

Օրեր առաջ Հայաստանը դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով ԱԽ արտակարգ նիստ գումարել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով հումանիտար իրավիճակի ժամ առ ժամ վատթարացման խնդրով։

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անպայման պետք է որոշում կայացնի։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Արցախը պետք է օգտագործեն այդ հնարավորությունը։

«Եթե այդտեղ իսկապես վետո դրվեց և չանցավ՝ սա Ադրբեջանին էլ ավելի է գոտեպնդելու։ Մենք պետք է համառորեն պայքարենք, որ դա ընդունվի»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Արցախում հումանիտար վիճակը ժամ առ ժամ սրվում է։ Սննդի, դեղորայքի, վառելիքի խնդրին ավելացել է նաև ջրի խնդիրը։ Այս շոգին Արցախը կանգնել է ջուր չունենալու վտանգի առաջ։ Արցախում գյուղեր կան, որ օրերով ջուր չունեն։

Հիշեցնենք՝ 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։ Ապրիլին 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։

Այս ամենին զուգահեռ Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։ Այդ 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Արցախը։