Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզի Բերքանուշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ ներկայիս Սահմանադրության ու բարեփոխված տարբերակի միջև եթե նույնիսկ մեկ հոդվածի դրական փոփոխություն լինի, ուրեմն այդ դրականը չընդունելը միամտություն է և հիմարություն:
«Վատի ու լավի միջև ընտրություն կատարելն ամենահեշտ բանն է աշխարհում, դրա համար շատ խելք պետք չէ: Խելք պետք է, երբ դու լավի ու լավագույնի միջև ես կատարում ընտրությունը: Սա երրորդ սահմանադրական փորձությունն է, որ երկիրն անցնում է: Եթե 95 թվականին ընդունվեր այն մոդելը, որն առաջարկվում է այսօր, մեր ժողովուրդն ու պետությունը քսան տարի չէին կորցնի: Քսան տարի մենք կորցրել ենք` որդեգրելով մի մոդել, որն անընդհատ տարել է փակուղի: Տասը տարի հետո փորձեցինք այդ մոդելի մեջ մի քիչ շտկումներ մտցնել: Մենք եղանք ջատագովներից մեկը` մեր սրտով չէր շատ բան, բայց այն ժամանակ այդքանը կարողացանք: Հիմա կա ավելին փոխելու հավանականություն, շանս ու հնարավորություն: Տարրական բան է` եթե ձեր կենցաղում ունեք ավելի լավն ընտրելու հնարավորություն, եթե չընտրեք, դա խելքի արտահայտման ձև՞ է»,- ասաց Սեյրանյանը:
Խոսելով հավատի պակասի մասին` նա նշեց. «Եթե հավատի պակասով առաջնորդվեին, քարանձավից մարդը դուրս չէր գա»:
Սեյրանյանի խոսքով`բոլոր այն մարդիկ, ովքեր 2 տարի առաջ, չգիտակցելով, մեր ժողովրդի ու պետության գլխին փաթաթեցին այն ժամանակվա Սահմանադրությունը, որը մեկ մարդու համար էր նախատեսված, ոչ պակաս հանցագործ են:
ՀՅԴ-ականը նշեց նաև, որ բարեփոխված Սահմանադրությունը թույլ է տալիս, որ որոշում կայացնողը մեկը չլինի: «Եթե ասում ենք` մի գլխի փոխարեն թող հինգ գլուխ որոշում կայացնի, դրա վատը ո՞րն է: 25 տարվա մեջ քաղաքականապես ամենատարածված բառը եղել է «իշխանափոխություն»-ը, բոլորն ասել են` իշխանափոխություն է պետք: ՀՅԴ-ն էլ է ասել «իշխանափոխություն», բայց մենք մի տարբերությամբ ենք ասել, մենք ասել ենք` ամբողջական ու համակարգային իշխանափոխություն: Այս Սահմանադրության նախագիծը հենց ամբողջական ու համակարգային իշխանափոխություն է իրականացնում»: