կարևոր
5824 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-02 20:55
Հասարակություն

Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը

Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը

Նիկոլ Փաշինյանի ենթակայության իրավապահ մարմիններն արդեն չորրորդ օրն է՝ չգիտեն ինչպես վարվել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի հիման վրա ներկայացված հանցագործության մասին հաղորդման հետ՝ «ստուգում են»։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում կա՛մ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կա՛մ սուտ մատնության համար պատասխանատվության կանչել իշխանական «Սիվիկ նյուզ» լրատվականի լրագրողին։ Վերջինս փաստազուրկ մեղադրանքներ ու զրպարտանքներ է հնչեցրել սրբազանի հասցեին՝ մեղադրելով նրան իբրև թե «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու, «Կրեմլից» միլիոնավոր դոլարներ ստանալու, հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու» մեջ։

««Լրագրողական արհեստավարժ, առարկայական և անաչառ բովանդակությունից, մասնագիտական էթիկայից և բարեվարքությունից զուրկ, ավելի շուտ՝ բլոգերային մենախոսության տպավորություն գործող նշյալ տեսանյութում հնչում են պնդումներ, թե իբր նա ունի «ապացույցներ», ըստ որոնց՝ Հայ եկեղեցու Սրբազանը «միլիոնավոր դոլարներ է ստացել»։

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում։ Իսկ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ԶԼՄ-ով կատարված հրապարակումը քրեական գործ հարուցելու առիթ է։

Այսպիսով, իրավապահ մարմիններից պահանջում ենք՝ նշված անձի հաղորդման հիման վրա, 24 ժամվա ընթացքում կամ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կամ՝ սուտ մատնության համար ՀՀ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածով քրեական պատասխանատվության կանչել «լրագրող» ներկայացող նշված անձին և նրա տեսանյութը հրապարակած՝ «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքին»,- նշել է շարժումը։

Նշված հաղորդման ներկայացումից չորս օր անց քրեական վարույթ դեռ նախաձեռնված չէ։ Դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ուղարկել են ստուգման։

Համեմատության համար հարկ է նշել, որ իշխանական քարոզչամեքենայի մաս կազմող «Սիվիկ» կայքի նույն լրագրողի և ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի միջադեպով իրավապահները խիստ օպերատիվ են գտնվել։ Հենց նույն օրը քրեական վարույթ է նախաձեռնվել, Դավիթ Լևոնյանը՝ տուժող ճանաչվել, իսկ Արթուր Սուքոյանին ոչ միայն մեղադրանք է ներկայացվել, այլև՝ վերջինս այժմ կալանքի տակ է։ Միջադեպը, հիշեցնենք, տեղի է ունեցել, քանի որ Սուքոյանը Լևոնյանին ասել է, որ իր համար անընդունելի է Հայ առաքելական եկեղեցուն և Բագրատ Սրբազանին թիրախավորելը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո