կարևոր
5047 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-03 11:46
Հասարակություն

Իրականում, ովքեր նվիրյալ են, հայրենիք հողի կանչով էին եկել․ Քյոխը մանրամասներ է պատմել

Արցախի Հանրապետության հերոս, «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխ) որոշ մանրամասներ է ներկայացրել Արցախյան երրորդ պատերազմից։ Նա զրուցել է «Մարտական եղբայրություն» միաբանության հետ՝ պատմելով 44-օրյա պատերազմի մասնակից միաբանության անդամ Արման Պետրոսյանի մասին, ով Կիրանցի դեպքերի պատճառով կալանավորված է։

«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվեց զորամասի հարևանությամբ գտնվող Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս հրամանատարությունից ես խնդրեցի և պահանջեցի հավելյալ ուժեր և միջոցներ հատկացնել զորամասն արտաքին աշխարհին կապող Թաթառ գետի վրա տեղակայված երկու երկաթբետոնե կամուրջները պաշտպանելու համար։

Երրորդ օրը ԵԿՄ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդից մեկ հատուկ նշանակության վաշտ՝ մոտ 100-հոգանոց, տեղակայվեց «Վահե-1» և «Վահե-2» երկաթբետոնե կամուրջների պաշտպանության համար: Երբ պատերազմի 7-րդ օրը հարևան զորամասը հակառակորդն ամբողջությամբ գրավեց, Մատաղիս  բնակավայրը ևս, ես իջա, որպեսզի տեղում իրավիճակը հասկանամ, ինչ է կատարվում զորամասի աջ թևում, որ հանկարծ շրջափակման մեջ չհայտնվենք:

Ես «Վահե-1» անցակետում, որտեղ տեղակայված էր վաշտից մի խումբ, այդ թվում Արման Պետրոսյանը, երջանկահիշատակ Մենուա Հովհաննիսյանը, որ նահատակվեց և հետագայում արժանացավ Արցախի հերոսի կոչման, ծանոթացա Արմանի հետ, ես խնդիր առաջադրեցի, որպեսզի խմբի տղաներից հարձակողական գործողությունների համար տղաներ առանձնացնեն:

Ինքն ու Մենուան սիրահոժար իրենց համաձայնությունը տվեցին և հայտնեցին, որ պետք է համագործակցեն վաշտի հրամանատար Հայկ Մանուկյանի հետ և պատասխանը երեկոյան կփոխանցեն:

Դա ամսի 2-ի ժամը 5-ն էր, երբ Մատաղիսի զորամասն լրիվությամբ անծանոթ ճանապարհով  հետ էր նահանջում դեպի նոր տեղակայման վայր: Հաշվի առնելով, որ իրենց զորամասի անձնակազմին ծանոթ ճանապարհը՝ Մատաղիսից դեպի Մարտակերտ, հակառակորդն արդեն վերցրել էր ուղիղ նշանառության տակ, հրթիռահրետանակոծում էր տանկերով, իրենց անծանոթ լեռնային, անտառային այլընտրանքային ճանապարհով էր զորքը հետ քաշվում և մեծ էր այդ վաշտի տղաների գործունեությունը, որոնք կազմակերպեցին Մատաղիսի զորամասի հետ նահանջը, որովհետև անծանոթ տեղամասում թե սպայական կազմը, թե կամավորները, թե ժամկետային կազմը մոլորվել և լճի մի ափով էր գալիս, մի մասը՝ մյուս կողմով: Տղաներն առաջանում էին, խմբերով ուղեկցում:

Ամսի 2-ին պայթեցվեցին այդ երկու կամուրջները, որ հակառակորդն առաջխաղացում չունենա այդ երկու ուղղությամբ, բայց պայթեցումից հետո 7-րդ, 8-րդ օրն անտառներում Մատաղիսի զորամասից մոլորված զինծառայողներ էին դեպի մեր զորամաս գալիս:

Ամսի 3-ին, երբ կամուրջները պայթեցված էին, անձնակազմի խնդիր ունեինք, ես խնդրեցի վաշտի հրամանատարին, որ վաշտը տեղակայենք առաջնագծին մոտ բնագծում՝ հակառակորդի հետագա գործողությունները զսպելու և պաշտպանությունն ամուր կազմակերպելու համար: Վաշտի 100 հոգուց 35 հոգին համաձայնեցին, մասնակցեցին և պաշտպանողական, և հարձակողական գործողություններին:

Հարձակողական գործողություններից մեկի ժամանակ 4 հոգու հետ նահատակվեց նաև Մենուան՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ:

Մինչև հոկտեմբերի 24-ը Արմանը խմբի տղաների հետ իմ հանձնարարությամբ ցանկացած կետում էր, երբ իրավիճակը լարվում էր, ես վստահ էի, որ Արմանի գլխավորությամբ խնդիրները պատվով էին իրականացնում:

Ամսի 24-ին հարավ-արևմտյան ուղղությամբ հակառակորդը առաջնագիծը ճեղքել և առաջանում էր դեպի Շուշի, առաջապահ ստորաբաժանումներն արդեն գտնվում էին Ավետարանոց բնակավայրում, իսկ այդտեղից մինչև Շուշի ընդամենը օդով 15 կմ է:

Վերադաս հրամանատարության կողմից մենք խնդիր ստացանք, որ մեկ վաշտ ուղարկենք Շուշի-Սղնախ ուղղություն: Վաշտի հրամանատար Հայկ Մանուկյանը իր պատրաստակամությունը հայտնեց 13 հոգանոց խմբով մեկնելու նշված ուղղություն: Արմանը ևս այդ խմբի կազմում մեկնեց: Մինչև նոյեմբերի 10-ը, եռակողմ խայտառակ այդ հայտարարության չարաբաստիկ օրը, Արմանը գտնվում էր նշված բնագծում տարբեր ստորաբաժանումների հետ:

Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին:

Պատերազմից հետո Արմանը մնաց Արցախում, ծառայեց մեկ այլ կառույցում, իր փորձն ու գիտելիքները փոխանցելու, մարզելու նշված ստորաբաժանման անձնակազմին: Պատերազմից հետո նա պարբերաբար այցելում էր մեզ, բարեկամական ու ընկերական կապ էր ստեղծվել իմ ու իրենց միջև: Համարձակ էր, վստահ, իսկ դա միշտ պետք է զինվորականի առաջին ուղեկիցը լինի։

Ինքն ու իր նման հազարավոր տղաներ հայրենիքի կանչով պատերազմի առաջին օրվանից եկել էին, երբ շրջափակված էինք շուրջ 10 ամիս, Արմանը մեզ հետ այդ զրկանքներն ու դառնություններ էր ճաշակում, օգնում՝ ինչով որ կարող էր։

Իրականում, ովքեր նվիրյալ են, հայրենիքի կանչով, հայրենիք հողի  կանչով էին եկել, նրանք իրենց արածի համար գնահատական չեն ակնկալում, ոչ էլ ամպագոռգոռ  հայտարարություններ անում»։

«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է։