կարևոր
5500 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-02 15:26
Քաղաքական

Մեր հայրենիքի այսօրւայ քաոսային եւ ողբերգական իրավիճակի թիւ մէկ պատասխանատուն ՀՀ իշխանութեան ղեկին նստած ղեկավարութիւնն է․ հայտարարություն

Մեր հայրենիքի այսօրւայ քաոսային եւ ողբերգական իրավիճակի թիւ մէկ պատասխանատուն ՀՀ իշխանութեան ղեկին նստած ղեկավարութիւնն է․ հայտարարություն

2020 թւականի «ծրագրւած պարտութիւնից» եւ Արցախի Հանրապետութիւնը Ադրբեջանի Հանրապետութեան մաս յայտարարելուց յետոյ, այսօր հերթը հասել է Սիւնիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Տաւուշի սահմանամերձ տարածքներին ու բնակավայրերին։ 

Այս հայրենադաւ գործողութեան դէմ բողոքի ակցիաներ են սկսւել Հայաստանի տարբեր վայրերում՝ շարժումը տարածելով երկրով մէկ։ Մի շարք քաղաքներից ու գիւղերից մեկնել են Տաւուշ՝ Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս ու գիշեր-ցերեկ կանգնած են այնտեղ։ Ժողովրդական այս պայքարին միացել է նաեւ Տաւուշի թեմի առաջնորդ Տէր Բագրատ արք. Գալստանեանը։

Սակայն ցաւօք, տասնեակ տարիներ օտար ուժերի կողմից ֆինանսաւորւող եւ ուղղորդւած՝ ՀՀ իշխանութիւններին սատարող անձինք եւ նրանց հետ ներդաշնակ գործող ադրբեջանցի քարոզիչները պիտակաւորման եւ զրպարտութեան նոր արշաւ են սկսել Հայ Եկեղեցու դէմ՝ Բագրատ Սրբազանի նկատմամբ հնչեցնելով պատերազմ հրահրող եւ օտարերկրեայ գործակալ լինելու անհեթեթ մեղադրանքները:

Սիրելի հայրենակիցներ, մեր հայրենիքի այսօրւայ քաոսային եւ ողբերգական իրավիճակի թիւ մէկ պատասխանատուն ՀՀ իշխանութեան ղեկին նստած ղեկավարութիւնն է։ Այսօր Հայաստանում մեկնարկած պայքարը ոչ կուսակցական ակտ է, ոչ էլ ինչ-որ անձի պայքար. սա երկիրը յանձնելու գործընթացի կանխման միջոց է։

Դատապարտելով Տաւուշի թեմի առաջնորդի եւ այս շարժման առաջնորդողների դէմ ՀՀ իշխանութիւնների կողմից սկսւած հեղինակազրման արշաւը, նաեւ ոստիկանութեան բիրտ ուժի կիրառումը՝ քաղաքացիների նկատմամբ, մեր զօրակցութիւնն ենք յայտնում հայրենիքի ամբողջականութեան պահպանման համար պայքարի ելած հայորդիներին եւ իրաւապահ մարմիններից պահանջում դադարեցնել ապօրինի գործողութիւնները շարժման մասնակիցների, ի մասնաւորի Բագրատ արք. Գալստանեանի նկատմամբ։

 

Դիւան Սպահանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի

28 ապրիլի 2024 – Նոր Ջուղա, Սպահան, Իրան