03 12 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Վրացական Georgian Airways ավիաընկերության դեմ ուկրաինական պատժամիջոցները հերթական ոչ բարեկամական քայլն են Կիևի կողմից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին։
«Կարելի է միանշանակ ասել, որ սա քաղաքական դրդապատճառներով որոշում էր, քանի որ տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներից շատ ավիաընկերություններ են թռչում դեպի Ռուսաստան, և Ուկրաինայի իշխանությունների կողմից նման արձագանք կամ որոշում չի եղել, ուստի ափսոսանքով կարող ենք ասել, որ մենք ականատես եղանք Ուկրաինայի իշխանությունների հերթական ոչ բարեկամական որոշմանը», - ասել է Դավիթաշվիլին։
Վրաստանի փոխվարչապետն ընդգծել է, որ Կիևի որոշումն անընդունելի է և չի համապատասխանում երկու երկրների հարաբերությունների չափանիշներին։ Նա վստահություն է հայտնել, որ Վրաստանի ԱԳՆ-ն կարձագանքի Ուկրաինայի կողմից սահմանված պատժամիջոցներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 1-ին հաստատել է Georgian Airways-ի դեմ պատժամիջոցները՝ կապված Ռուսաստան թռիչքների վերականգնման հետ։ Նաև Կիևը 10 տարով սահմանափակումներ է մտցրել ավիաընկերության հիմնադիր Թամազ Գայիաշվիլիի նկատմամբ։
Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու մասին։ Մեկ այլ հրամանագրով նա չեղարկել է ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան թռիչքների և տուրերի վաճառքի արգելքը, որը գործում էր 2019 թվականից։