կարևոր
2905 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-13 17:41
Քաղաքական

Պատասխանատվության ամենախիստ դրսևորմանն են արժանի այս իշխանությունները. Արծվիկ Մինասյան

Պատասխանատվության ամենախիստ դրսևորմանն են արժանի այս իշխանությունները. Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ` Բաքվի գործողությունները դեռևս արժանի գնահատական չեն ստացել:

«Սրա հիմնական պատճառներն ակնհայտ են` թե՛ ՀՀ իշխանության կողմից վարվող արտաքին քաղաքականությունն է, թե՛ նաև  աշխարհաքաղաքական գործոնը, դրան գումարած` նաև միջազգային խաղացողների նկատմամբ ոչ ճիշտ վարքագիծը՝ Հայաստանի կողմից», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ըստ Մինասյանի՝ ԵԱՀԿ ՄԽ բոլոր երկրները 20 տարուց ավելի անընդհատ հիմնվել են այն հիմնարար սկզբունքի վրա, որ ցանկացած  իրավիճակում չի կարող հարցի լուծումը լինել ուժի կամ դրա սպառնալիքի գործադրմամբ, բայց հիմա աչք են փակում  ադրբեջանա-թուրքական հանցավոր վարքագծի վրա:

«Աչք փակելով հանդերձ` նրանք տեսնում են նաև Հայաստանի կրավորական  կեցվածքը, ավելին՝ վերջին հայտարարություններով, ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունները, կարծեք թե, միջազգային լեգիտիմացման են տանում այս այլանդակությունը, որ կիրառում է Ադրբեջանի հանցավոր իշխանությունը», - ընդգծեց պատգամավորը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` միջազգային հանրությունը պետք է անմիջականորեն ներգրավվի միջազգային մակարդակով ադրբեջանական հանցագործությունը դատապարտելու ու դրա  հետևանքները վերացնելու ուղղությամբ:

«Իսկ հետևանքները վերացնելն անմիջապես ապաշրջափակումն է, բոլոր իրավունքների վերականգնումը, և այլն: Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չի գնում այդ բանին, որովհետև, իմ խորին համոզմամբ, իշխանությունը միայն իշանությունը պահելու համար իրականացնում է իրավիճակային քայլեր, ընդհուպ ազգադավ քաղաքականություն»,- նշեց նա:

Մինասյանն ասաց, թե  երբ  իշխանությունն ավարտվեց,  գալու է պատասխան տալու ժամանակը, իսկ պատասխանը դաժան է լինելու: «Պատասխանատվության ամենախիստ դրսևորմանն են արժանի այս իշխանությունները», - հավելեց նա:

Ըստ նրա` այս իշխանությունն ի վիճակի չէ անգամ նվազագույն անվտանգություն ապահովել հայ ժողովրդի համար, ուր մնաց խաղաղություն բերի:

«Հակառակը՝ տեսնում ենք հայակործան ծրագրեր ու շարունակվող հայաջլատման քաղաքականություն», - նշեց Մինասյանը: