Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.19 |
EUR | ⚊ | € 410.52 |
RUB | ⚊ | ₽ 3.88 |
GBP | ⚊ | £ 492.68 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո նոր նախագահ չընտրվեց, կուսակցությունների մակարդակով էլ որևէ լրջագույն փոփոխություն չեղավ, ամեն ինչ գնաց դեպի ավելի վատը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ընտրություններում Էրդողանի վերընտրվելուն։
«Խորհրդարանն ավելի ազգայնական, հետադիմական է դարձել, իսկ նախագահ էլ շարունակեց մնալ Թուրքիայի գործող նախագահը, և տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել մինչև հիմա, կարող ենք կանխորոշել, թե ինչ կլինի հետո։ Մենք տեսանք, որ Հայաստանի իշխանությունների նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների կանգավորման նոր փուլը այս 1 ու կես տարվա մեջ ունի 0 արդյունք։ Ուղղակի պետք է հաշվի առնել Թուրքիայի իշխանությունների վերջին արձագանքները, օրինակ՝ «Նեմեսիսի» հուշարձանի հետ կապված իրենց արձագանքը, երբ Չավուշօղլուն հայտարարեց, որ Հայաստանի դեմ քայլեր կձեռնարկվեն և փակվեց Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար, անգամ երրորդ երկիր մեկնող, սահմանը փակվեց նաև ՀՀ վարչապետ օդանավի համար։ Այսինքն, Թուրքիան դեռ այսքանից հետո շարունակում է շանտաժի քաղաքականություն վարել տարածաշրջանում և հատկապես՝ Հայաստանի դեմ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ փորձել Էրդողանի ընտրության մեջ որևէ դրական բան տեսնել, դա ուղղակի քաղաքական անհեռատեսություն և կուրություն է․
«Հայաստանի իշխանությունները որդեգրել են ամեն գնով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն և այս ֆոնին Փաշինյանի շնորհավորանքը անակնակալ չէր»,- ասաց թուրքագետը։
Անդրադառնալով Թուրքիայի ընտրություններից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ Էրդողանի վերընտրվելով և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար հնարավորություն բացվեց ձեռքերը երկարացնելու․
«Եթե մինչ այս Էրդողանը խուսափում էր ուղիղ առճակատման մտնել ԱՄՆ-ի, Արևմուտքի հետ, հիմա արդեն ընտրվել է և ավելի ազատ կլինի։ Էրդողանից հետո Էրդողանի ընտրվելն ավելի շատ Ալիևն էր ցանկանում, որովհետև դրանով կարծես իր հետագա քաղաքական ապագան կանխատեսվեր։ Ցավոք սրտի Ալիևի ձեռքերն հիմա ավելի կերկարեն և որևէ դրական բան, որևէ խաղաղություն՝ առանց նախապայմանների, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, այս ամենը չի կարող լինել, մեր իշխանությունները պետք է վերանայեն այս քաղաքականությունը»,- ասաց նա։
Թուրքագետի խոսքով՝ ՀՀ իշխանությունները կարծես չեն ուզում շեղվել այդ գծից․
«Ես, որպես ՀՀ քաղաքացի, կարծում եմ, որ պետք է հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալ, թշնամությունը հավերժ չէ, սակայն ամեն ինչ ունի իր գինը։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն էլ պետք է լինի կշռադատված՝ մանավանդ հիմա, երբ էրդողանն իրեն զսպող որևէ ճնշում չունի դրսից, պետք է լինել շատ զգուշավոր, թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ։ Նրանք երբեք կանգ չեն առնելու, ինչքան փորձես զիջել, այնքան առաջ են գնալու, դրա համար պետք է մեկ անգամ ուղղակի պատմության էջերը թերթել»,- ավելացրեց նա։
Լ․Ա․