կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-05 08:46
Քաղաքական

«Հայաստան» դաշինքի անունով հետընտրական փուլում հանդես չգալու մեջ ընդհատակյա պատճառ տեսնելն անհեթեթություն է․Բ. Եսայան

«Հայաստան» դաշինքի անունով հետընտրական փուլում հանդես չգալու մեջ ընդհատակյա պատճառ տեսնելն անհեթեթություն է․Բ. Եսայան

«Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին առաջադրել է իր թեկնածությունը 20 համայնքում։ Կուսակցությունը 11 համայնքում հանդես կգա առանձին, իննում՝ դաշինքով։ Ակնկալիքների և սպասվող պայքարի մասին NEWS.am-ը զրույցել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանի հետ։

Պարոն Եսայան, ինչո՞վ է պայմանավորված կուսակցության նման ակտիվությունը այս ՏԻՄ ընտրություններում։

Մենք այն եզակի կուսակցություններից ենք, որն ակտիվ է եղել բոլոր ընտրությունների ժամանակ, և այս ընտրությունները ևս բացառություն չեն։ Մեր նպատակն է՝ թույլ չտալ  ամբողջատիրության հաստատում երկրում։ Մեր ցուցակներում ընդգրկված են նաև տեղական համայնքներում հեղինակություն վայելող մարդիկ, նաև համայնքապետներ, որոնք այս իշխանության կողմից հետապնդման են ենթարկվել հունիսի 20-ից հետո՝ «Հայաստան» դաշինքին աջակցելու համար։ ՏԻՄ օրենքի խախտումով այս իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի իր իշխանության և վերահսկողության տակ վերցնի նաև տեղական ինքնակառավարման մարմինները։

Ի՞նչ սկզբունքով են ընտրվել այն համայնքները, որտեղ մասնակցելու եք ընտրությունների։

Մենք հաշվի ենք առնում մեր մարզային կենտրոնների կարծիքները։ Մեր տեղի մարմինների դերը շատ կարևոր է, որովհետև իրականում մեզ համար Երևանում նստած շատ բարդ կլիներ ասել, թե որ թեկնածուն ինչպիսի շանսեր ունի։Կուսակցական կենտրոնները մանրամասն հասկացել են հարցերը, տեղում ուսումնասիրել են իրավիճակը, թե ինչ ուժեր են պատրաստվում մասնակցում, ինչ դիմադրության մեջ արժե է մտել և ինչպիսի դիմադրության մեջ պետք չէ մտնել ընդդիմադիր մյուս կուսակցությունների հետ։ Մեր տեղական մարմինները հայտարություն կանեն  ընտրությունների նախաշեմին, թե որ ուժերին ենք սատարում այն համայնքներում, որտեղ չենք մասնակցում ընտրությունների։

Ըստ Ձեզ՝ ո՞ր համայնքներում Դաշնակցությունն ունի հաղթելու ամենաբարձր շանսերը։

Մենք բոլոր համայնքներում ենք պայքարելու հաղթելու համար։ Բայց որոշ համայնքներում շատ բարձր շանսեր ունենք հաղթելու, օրինակ՝ Ախուրյանի համայնքը, որը խոշորացված համայնք էր, բայց մի անգամ էլ խոշորացրին, որովհետև իրենց անհաճո համայնքապետեր էին այնտեղ աշխատում։ Նոր Հաճնում մեր թեկնածուն անկուսակցական է, երկար տարիների փորձ ունի ձեռնարկատիրական ոլորտում։ Սպիտակում է շատ համառ է լինելու պայքարը, և մենք ուղղակի պայքարելու ենք հաղթանակի համար։ Կոչ կանեմ տեղի բնակչություններին ուշադիր հետևել քարոզարշավին՝ տարբերակելու համար մարդկանց, որոնք իրապես կարող են լուծել համայնքների խնդիրներն այն մարդկանցից, որոնք ուղղակի լինելու են դրածոներ այս դավաճան իշխանությունների կողմից։

Հնարավո՞ր է, որ Գորիսում Առուշ Առուշանյանի բացարձակ հաղթանակը ևս խթան հանդիսացավ Դաշնակցության համար նման մեծ ծավալով ՏԻՄ ընտրություններին մասնակցելու։

Գորիսի ընտրությունները եղան այն ժամանակ, երբ մեր մասնկացության մասին որոշումների մեծ մասն արդեն կայացված էր։ Իհարկե, Գորիսի արդյունքները նաև ոգևորող էին, բայց դրանով չէին պայմանավորված մեր դիրքորոշումները տարբեր համայնքներում։

Դաշնակցությունը ՏԻՄ ընտրություններին մասնակցում է առանձին կամ դաշինքներով, որոնք «Հայաստան» անունը չեն կրում։ Ի՞նչն է սրա պատճառը։

«Հայաստան» դաշինքի անունով հետընտրական շրջանում հանդես գալը մի փոքր տարօրինակ կլիներ, որովհետև «Հայաստանը» նախընտրական դաշինք էր՝ ստեղծված արտահերթ ընտրություններին մասնակցելու համար, և այն քաղաքական միավոր է խորհրդրական գործընթացներում։ Բնականաբար, մեր համագործակցությունը շատ սերտորեն շարունակվում է նաև ընտրություններից հետո՝ վառ օրինակ սպասվող հանրահավաքները, որոնք չնայած ոչ թե կուսակցական, այլ համաժողովրդական բնույթ են կրելու։ Հնարավոր չէ նույն անունը կրող դաշինքի անունով հանդես գալ նաև հետագա ընտրություններում։ Նույն «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ մենք ունենք դաշինքով մասնակցելու դեմքեր, բայց այդ դաշինքը չի կոչվում «Հայաստան» դաշինք։ Դաշնակցությունը որպես 131 տարվա պատմություն ունեցող ինքնուրույն կուսակցություն մասնակցում է այն ձևաչափով ինչով, որն ինքը հարմար է գտնում, և որևէ ընդհատակյա պատճառ տեսնելն անհեթեթություն է։