Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամենաանթույլատրելի երևույթն այն է, որ համաշխարհային իրավական, դիվանագիտական, քաղաքական կյանքում հայտարարվում է, որ իբր թե մեկմեկու տարածքային ամբողջականությունը ճանաչում են կիլոմետրեր հաշվելով։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառանալով մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը։
«Տարածքային ամբողջականություն հասկացությունը, դա սահմանների ճանաչում չէ, դա ընդհանուր ձևակերպում է, որը հետո ենթադրում է իրենից սահմանների ճշգրտում, սահմանագծում, սահմանազատում և ոտքի վրա կիլոմետրաժով հաշվել միայն կարող էին անպատասխանատու մարդիկ, ովքեր սեփական երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության ապահովման, սահմանադարական պարտականությունները չեն կատարում։ Անթույլատրելի է նաև «Ղարաբաղի նշաձող իջեցում» ձևակերպումը, որը այս իշխանություններն արդեն 2 տարի է շրջանառում են։ Դրանից պարզ է դառնում, որ այս իշխանությունն ամբողջապես հրաժարվում է արցախահայությունից, արցախահայության իրավունքներից, ինքնորոշման իրավունքից և ամբողջապես պատրաստ է հանձնել Արցախը Ադրբեջանին»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ եվրոպացի դիվանագետի կողմից 2 երկրների անունից արված հայտարարությունը ՀՀ տարածքում իրավական, սահմանադրական որևէ ուժ չունի․
«Եթե Փաշինյանը համաձայնվել է նման ձևակերպումների՝ հերթական քրեական մեղքն է իր վրա վերցրել, ավելացնելով հետագա պատասխանատվության այն մեծ բեռը, որն իր ուսերի վրա արդեն կրում էր»,-ասաց նա։
Հարցին, թե հնարավոր է հունիսի 1-ին նախատեսված հերթական եռակողմ հանդիպմանը ստորագրվի «խաղաղության պայմանագիրը», ընդդիմադիր գործիչը նշեց, որ վստահ է, որ Փաշինյանի ամենամեծ վախը սեփական ժողովրդի, հասարակության ընդվզումն է․
«Փաշինյանը որքան էլ կա՛մ սեփական ցանկությամբ, կա՛մ ճնշումների տակ շտապի որևէ փաստաթուղթ ստորագրել, սեփական երկրում հասարակության ընդվզման վախը նրան կպարտադրի, որ նման քայլի չգնա»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Անդրադառնալով Արցախում Սամվել Բաբայանի գլխավորությամբ տեղի ունեցած հանրահավաքին, դաշնակցական գործիչը շեշտեց, որ պետք է թույլ չտալ Արցախի միասնականությունը սասանող ցանկացած գործողություն․ «Արցախի իրավունքների պատշտպանությունը, Արցախի ապագան, պետականության թիվ մեկ գրավականը Արցախի միասնականությունն ու համախմբվածությունն է։ Թույլ չպետք է տալ այդ միասնականությունը սասանող ցանկացած գործողություն՝ լինի դա ուղղորդված սեփական քաղաքական, կամ այլ ամբիցիաներով, լինի դա ուղղորդված ՀՀ իշխանությունների կողմից»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Ներքին Բազմաբերդ համայնք այցի ընթացքում դպրոցականների հետ զրույցին, որտեղ Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է», պատգամավորը նշեց, որ Փաշինյանը երեխաներին թրաքիֆինգի զոհ է դարձնում․
«Փաշինյանն այդ երեխաներին թրաֆիքինգի զոհ է դարձրել։ Իրականում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվոց ՀԿ-ները շատ արագ պետք է արձագանքեին սրան։ Ուղղակի ողբերգական է տեսնել այն ուսուցիչներին, որոնք լսում էին Փաշինյանի զառանցանքները, որն առաջին անգամ չէ, որ հայտարարում էր։ Ուղղակի մտքի արտաթորանքով Փաշինյանը փորձում է իր ազգադավ գաղափարները Օվերտոնի պատուհանի սկզբունքն օգտագործելով հրամցնել հասարակությանը»,- ասաց դաշնակցական գործիչը՝ ավելացնելով, որ ինքնին որպես կերպար Փաշինյանը մարմնացնում է զիջումների, պարտության կերպարը և ավելի վատթարացում միշտ էլ կարելի է իրենից սպասել։
Լ․Ա․