Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ սահմանազատման և սահմանագծման հարցերով այսօրվա փակ նիստին։
Պատգամավորն ասաց, որ այն, ինչ հնչեց այդ նիստի ընթացքում, որևէ գաղտնիք չկար, և իշխանությունն այդ նիստի բովանդակությունը հասարակությունից գաղտնի պահելու համար որոշեց այն փակ անցկացնել։ «Եվ մեզ համար պարզվեց հետեւյալ իրավիճակը՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի հետ սահմանազատում-սահմանագծում գործընթացն իրականացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած պետական հանձնաժողովի միջոցով։ Իրենք 7 հանդիպում են ունեցել, դեռ ավելի շատ տեխնիկական ու կազմակերպչական խնդիրներն են լուծում։ Եվ այսօր Մհեր Գրիգորյանն ասաց, որ սահմանազատում-սահմանագծումը Տավուշից սկսելու կամ Տավուշում իրականացնելու համաձայնություն Ադրբեջանի հետ չկա։ Մհեր Գրիգորյանն ասաց, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած 4 տեղանունների վերադարձի հետ կապված համաձայնություն չկա։ Արտաքին գործերի նախարարությունն առանձի՞ն է բանակցում Ադրբեջանի հետ։ Վերջերս մեզ չթողեցին այդ փաստաթղթերին ծանոթանալ, բայց երկու դրույթ կա՝ Ադրբեջանը մինչև հիմա չի համաձայնել, թե որ քարտեզի շուրջ է լինելու սահմանազատում-սահմանագծումը։ Ու մեկ էլ Նիկոլ Փաշինյանը հայտնվում է այստեղ՝ մի քարտեզ ձեռքը առած, որի մի երեսը բրոնզագույն է, բայց, ցավոք սրտի, մյուս երեսը սև է, և տավուշցիներին սպառնում է, հայ ժողովրդին սպառնում է, արձանագրում է, լեգիտիմացնում է Ադրբեջանի պահանջներն ու տարածքային հավակնությունները»,- ասաց Մանուկյանը։
Մանուկյանը բարձրացրեց հետևյալ հարցը․ «Որտեղի՞ց առաջ եկավ այս հարցը, ո՞ւմ հետ է Նիկոլ Փաշինյանն առանձին բանակցում, եթե իր սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովը դրա մեջ չկա, արտաքին գործերի նախարարությունը չկա։ Թե՞ պարզապես Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի սպառնալիքները Հայաստանում փոխանցող դեսպանն է, ոչ թե Հայաստանի վարչապետը»։