կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-14 18:05
Իրավական

Թրաֆիքինգի զոհը` կրկնակի զոհ. անվտանգության և փոխահատուցման խնդիրներ

Թրաֆիքինգի զոհը` կրկնակի զոհ. անվտանգության և փոխահատուցման խնդիրներ

«Աղջիկն ուժեղ էր, բայց պատկերացրեք, երբ նա դուրս է գալիս փողոց ու հետևից գոռում են` «փչացած», ու սա մեղմ բառերից է: Նա դպրոց էր գնում, բակ դուրս գալիս, և այդ ամենը լսում էին հարևանները, բարեկամները»,- Yerkir.am-ի հետ զրույցում պատմում է փաստաբան Օլգա Սաֆարյանը` 16 տարեկանում թրաֆիքինգի զոհ դարձած իր պաշտպանյալի` Արևիկի (անունը փոխված է) մասին:

 

Փաստաբան Օ. Սաֆարյանը նշում է նաև, որ աղջկա հանդեպ սպառնալիքները, հետապնդումները կազմակերպված են եղել ամբաստանյալի հարազատների կողմից: «Ստիպված գնաց: Վերջին անգամ երբ դատարանի կողմից որոշում ընդունվեց հավելյալ հարցաքննել տուժողին, նշվեց, որ նա այստեղ չէ, հանրապետությունից դուրս է եկել»,- ասաց փաստաբանը:

 

Մեզ հետ զրույցում Արևիկը իրավիճակը նկարագրում է լակոնիկ. «Էդտեղ էլ չէի դիմանում»: Իսկ հարցին, թե խոսքը սպառնալիքների մասին է, պատասխանում է, որ դրանք նույնիսկ հիմա կան: Ի դեպ, այս գործով դատական նիստերը անցնում էին լարված, բախումները երբեմն անխուսափելի էին, եթե նիստերի դահլիճում ներկա էին լինում տուժողի և ամբաստանյալի հարազատները:  

 

Թրաֆիքինգի զոհերի աջակցությամբ զբաղվող «Հույս և օգնություն» ՀԿ-ի հետ համագործակցող փաստաբան Հովիկ Արսենյանը փաստում է, որ թրաֆիքինգի զոհերի անվտանգության պաշտպանությունը Հայաստանում բավարար կերպով չի ապահովվում. «Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ նույնիսկ դատարանում տուժողի հետ կանգնած ենք եղել, մեղադրյալի հարազատները հարձակվել են, և վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Դա դեռ դատարանի դահլիճում կամ շենքում, բա դրսո՞ւմ»,- նշում է նա Yerkir.am-ի հետ զրույցում:

 

Քրեական դատավարության օրենսգրքի 98¹ հոդվածը, սակայն, նախատեսում է քրեական դատավարությանը մասնակցող անձի պաշտպանության 12 միջոց` վտանգ հանդիսացող անձին պաշտոնապես նախազգուշացնելուց մինչև տուժողի բնակության վայրն ու արտաքինը փոխելը (նույնիսկ պլաստիկ վիրահատության միջոցով):

 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ավագ իրավախորհրդատու Դավիթ Թումասյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ պաշտպանական այդ միջոցները գաղտնի են արվում, և դրանց կիրառելիության մասին չենք կարող խոսել. «Ոչ ոք չի կարող ասել, որ դրանք կիրառվել են կամ կիրառվել են ում հանդեպ և երբ»: Սակայն այլ մասնագետներ նշում են, որ թեև օրենսդիրը գրեթե կատարյալ իրավանորմեր է մշակել, սակայն դրանք հիմնականում կիրառելի չեն:

 

Մասնավորապես` Yerkir.am-ի հետ զրույցում դրա երեք գլոբալ պատճառները թվարկում է թրաֆիքինգի գործերով մեղադրանքը դատարանում պաշտպանող նախկին դատախազ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը: Առաջին պատճառը ինստիտուցիոնալ է: Չկա մի որևէ կառույց, որը պատասխանատու կլինի նշանակված պաշտպանության միջոցի կիրառման համար: «Իսկ եթե քննիչը չգիտի` ուր ուղարկել այդ որոշումը` կատարելու համար, պարզապես այդ որոշումը չի ընդունի: Պետք է ոստիկանությունում այդ ստորաբաժանումը ստեղծվի: Ոստիկանությունում այնքան աֆունկցիոնալ հաստիքներ կան, որ եթե վերանայեն, օպիմալացում կատարվի, ապա հաստատ իրենց համար բեռ չի լինի 12 հոգանոց վարչություն պահելը»,- նշեց Ա.Ղամբարյանը:

 

Երկրորդ պատճառը կապված է իրավական դաշտի հետ: Քր. Դատ. օրենսգրքի քրեական դատավարությանը մասնակից անձանց պաշտպանության մասին գլխում հղում է արվում ենթաօրենսդրական ակտերի, որոնք, սակայն, չկան: «Օրինակ` պաշտպանական միջոց է անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխելը: Հիմա պատկերացրեք մի վիճակ, երբ քննիչը նման որոշում է ընդունում, ուղարկում է ոստիկանության անձնագրային բաժին, և բաժնի պետն ասում է` ես ունեմ կառավարության մասին որոշում կամ օրենք, որը թվարկում է, թե ես որ դեպքերում կարող եմ փոխել անձնագիրը, և այդ հիմքերի մեջ գրված չէ վկաների պաշտպանության նպատակով անձնագրի փոխումը»,- ասաց Ա. Ղամբարյանը:

 

Նրա խոսքով` երրորդ խնդիրը ֆինանսական է: Պաշտպանական միջոցների մի մասը մեծ ծախսեր են պահանջում, օրինակ` անձին արտերկիր տեղափոխելը, այնտեղ նրան բնակարանով, աշխատանքով ապահովելը կամ պլաստիկ վիրահատությունը: Սակայն Ա. Ղամբարյանը նշում է նաև, որ կան նաև պաշտպանական միջոցներ, որոնք կիրառվում են և բավականին արդյունավետ կարող են լինել: Օրինակ` պաշտոնապես նախազգուշացնելը, ումից սպասվում է պաշտպանվող անձի նկատմամբ բռնության վտանգ կամ այլ հանցանքի կատարում: Նախկին դատախազը հիշում է նաև, որ իր պրակտիկայում պաշտպանական այլ միջոցներ էլ են կիրառվել, սակայն ոչ պաշտոնապես, երբ կոնկրետ դեպքում տուժողին դատարան են ուղեկցել ոստիկանները:

 

Հովիկ Արսենյանի խոսքով` ներկայումս զոհերի անվտանագությունը որոշակիորեն ապահովում են նաև հասարակական կազմակերպությունները` նրանց գաղտնի ապաստարաններում տեղավորելով: Զոհերի ապաստարաններում գտնվելու կարևորության մասին է խոսում նաև ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արմեն Մարուխյանը: Մասնավորապես` Yerkir.am-ի հետ զրույցում դատախազը նշում է. «Եթե տուժողները գնում են ՀԿ, ապա ես հանգիստ եմ լինում, քանի որ այդ ապաստարանները մեկուսի տեղում են, թրաֆիկյորները ոչ մի կերպ ազդեցություն չեն կարող ունենալ նրանց վրա: Եթե դրսում են մնում, նրանց նկատմամբ ազդեցություն ունենալը հեշտ է լինում»:

 

Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունն ապահովող մեխանիզմների մի մասի բացակայությունն ընդունում է նաև ոստիկանության ԿՀԴՊ 3-րդ վարչության պետ, գնդապետ Տիգրան Պետրոսյանը: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշում է. «Պաշտպանության միջոցների կիրառման մի մասի դեպքում այդ մեխանիզմները կան, մյուսների մասով կատարվում են աշխատանքներ: Մասնավորապես` ոստիկանության կողմից մշակվել է «Պետական պահպանության մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է պետական պահպանության գլխավոր վարչության կազմում ստեղծել քրեադատավարության մասակից անձանց պաշտպանությամբ զբաղվող ստորաբաժանում»:

 

Թրաֆիկյորներից գույքի բռնագանձումը զոհերի համար բավարար փոխահատուցում չի կարող լինել


Կա այսպիսի պրակտիկա` երբ թրաֆիքինգից տուժողի` փոխհատուցում ստանալու մասով քաղաքացիական հայցը մերժվում է`հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ: «Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ եք մեղավոր ճանաչել մեղադրյալին և դատապարտել նրան ազատազրկման: Չէ՞ որ ազատազրկվել է, քանի որ ապացուցված է համարվել` նրա կողմից մարդուն շահագործելը, ստացված գումարը գրպանելու փաստը»,- նշում է փաստաբան Օ. Սաֆարյանը, ով իր պրակտիկայում ունեցել է փոխհատուցման պահանջով 4 քաղաքացիական հայց, որոնք բոլորն էլ մերժվել են:

 

Արթուր Ղամբարյանն այս պրակտիկան բացատրում է թրաֆիքինգի ձևերի յուրահատկությամբ, մասնավորապես` սեռական և մուրացականության միջոցով շահագործման դեպքում բավականին դժվար է հայցի հիմնավորումը. «Դատարանները հստակ հաշվարկներ էին ուզում` աշխատավարձի, փաստացի կատարված աշխատանքի չափերի հետ կապված: Ապացուցողական բազա պետք է լիներ, որն օբյեկտիվորեն դժվար էր ապահովել: Ոչ ոք սեռական շահագործման ժամանակ «չեկ» չի խփում, որ դրանցով կարողանաս ապացուցել: Ցուցմունքների դեպքում էլ հարաբերական թվեր են ասում կամ մոռանում են` երբ ինչքան են ստացել»:

 

Սեռական շահագործման դեպքում քաղհայցի բավարարման համար կա նաև մեկ այլ խնդիր` մարմնավաճառությունը Հայաստանում ապօրինի գործունեություն է` վարչական իրավախախտում: Իսկ աշխատանքային թրաֆիքինգի դեպքում, այնուամենայնիվ, հայցերի հիմնավորումն ավելի հեշտ է: Հովիկ Արսենյանը նշում է, որ մինչ օրս սեռական շահագործման դեպքում հինգ հայց է ներկայացրել, բոլորն էլ մերժվել են, իսկ աշխատանքային թրաֆիքինգի մասով ներկայացված երեք քաղհայցերն էլ բավարարվել են:

 

Թրաֆիքինգի գործերով տուժողը կրկնակի զոհ է, եթե փոխհատուցում չի ստանում. նման դիրքորոշում է հայտնում Հովիկ Արսենյանը: Իսկ Ա. Ղամբարյանի խոսքով` թրաֆիքինգի զոհերի փոխհատուցումը չպետք է միայն քաղաքացիական հայցերի միջոցով լինի: Նա օրինակ է բերում միջազգային փորձը, երբ ստեղծվում են ֆոնդեր, որոնք որոշակի ֆիքսված գումար են հատկացնում նրանց: Եվ այդ ֆոնդերը «լցնելու» աղբյուր է թրաֆիքինգի համար դատապարտված անձանց գույքի բռնագրավումը: Ի դեպ, այս սանկցիան ներառված է նաև Քրեական օրենսգրքի 132 հոդվածում: Սակայն դատախազ Արմեն Մարուխյանը նշում է, որ թրաֆիկյորներից գույքի բռնագանձումն այնքան էլ իրատեսական չէ. «Մեզ մոտ թրաֆիքինգի գործերով դատապարտվողները հիմնականում հավաքագրողներն են լինում, որոնք առանձնապես մեծ միջոցներ չունեն: Հենց բուն շահագործողները արտասահմանում են: Միայն մեկ-երկու գործ ենք մինչ օրս ունեցել, որ դատապարտվել են հենց շահագործողները: Ներքին թրաֆիկյորները նույնպես մեծ եկամուտներ չեն ունենում»:

 

2008 թվականից Հայաստանում գործում է թրաֆիքինգի ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգ, որը սահմանում է ոչ միայն բժշկական, հոգեբանական և իրավաբանական աջակցություն: Կարգի 29-րդ հոդվածի 6-րդ կետում նշվում է. «Անհրաժեշտության դեպքում` սահմանված չափի հրատապ դրամական օգնություն»: Նշենք, որ 2013 թվականի պետբյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության մեջ նշվում է, որ թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների մատուցման նպատակով նախատեսված միջոցներն օգտագործվել են 100%-ով և կազմել 6.6 մլն դրամ, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքից տեղեկանում, որ այդ միջոցներից օգտվել է 14 հոգի: Այսինքն` միջին հաշվարկով, յուրքանչյուրին հատկացվել է մոտ 470 հազար դրամ: 

 

Դեռևս նախորդ տարի ՀՀ ոստիկանությունը Ազգային ժողովին ներկայացրել է «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքի նախագիծը, որը Դավիթ Թումասյանը բնութագրում է որպես «զոհակենտրոն» օրենք. «Մոտ 5,5 տարի է` գործում է ուղղորդման կարգը, և այս ընթացքում արձանագրվել են բացթողումները, որոնք արդեն իսկ պատրաստ օրենքը վերացնում է»:

 

Նշենք, որ օրինագիծը մանրամասն անդրադառնում է զոհերի աջակցության ձևերին, նշվում է նաև, որ աջակցություն տրամադրելու կարգն ու չափերը սահմանվելու են կառավարության կողմից:

 

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ