կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-09 13:10
Իրավական

Քրոջ երեխաներին թրաֆիքինգի ենթարկելու գործով դատավարությունը մոտենում է ավարտին

Քրոջ երեխաներին թրաֆիքինգի ենթարկելու գործով դատավարությունը մոտենում է ավարտին

38-ամյա Սուրենի ու նրա կնոջ կողմից քրոջն ու նրա անչափահաս երեխաներին թրաֆիքինգի ենթարկելու գործով դատավարությունը մոտենում է ավարտին: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործի դատաքննությունն ավարտվել է, այժմ կողմերի մեղադրական և պաշտպանական ճառերը պետք է հնչեն:

 

Yerkir.am-ի հետ զրույցում տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Օլգա Սաֆարյանը հայտնեց, որ փետրվարի 6-ին նշանակված նիստը տեղի չի ունեցել: Մեղադրողը պետք է այդ օրը իր ճառն ասեր, սական առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ, եւ հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 23-ին:

 

Համաձայն մեղադրական եզրակացության` Սուրենն իր կնոջ՝ Արմինեի հետ նախանական համաձայնությամբ 2012-2013 թվականներին իրենց հետ նույն հարկի տակ բնակվող քրոջ՝ Նունեի անչափահաս երեխաներին՝ 14-ամյա Լուսինեին և 11-ամյա Իսահակին ծեծելով և ծեծի սպառնալիքով հարկադրել են զբաղվել մուրացկանությամբ: Մուրացկանությամբ հավաքված գումարները ամուսինները վերցրել են և ծախսել` իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար:

 

Ամուսինները շահագործել են նաև երեխաների մորը: Սուրենը ծնողներից ժառանգություն մնացած բնակարանը 2008 թվականին ցանկացել է վաճառել և, որպես կանխավճար, պոտենցիալ գնորդից 7000 դոլար է վերցրել: Սակայն հետագայում խզել է առքուվաճառքի պայմանագիրը, սակայն արդեն իսկ վատնած է եղել 5000 դոլարը: Իսկ պարտքը վերադարձնելու համար Սուրենը քրոջ՝ Նունեին, ծեծելով ու ծեծելու սպառնալիքով ստիպել է մուրացկանությամբ գումար հավաքել: Նունեն մոտ 3 տարի շարունակ, օրական միջինը 3000 դրամ վճարելով, մարել է եղբոր պարտքը:

 

Ամուսիններին առաջադրված է մեղադրանք Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար:

 

Հ.Գ. Ամբաստանյալների և տուժողների անունները փոխված են: Գործով դեռևս օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ չկա: