կարևոր
5719 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-15 16:30
Քաղաքական

«Նեմեսիսը» վկա, մեղավորները պատժվելու են. Արմենուհի Կյուրեղյան

Եթե քննադատում եք, քնադատեք նաև վարչապետին ոչ հարիր նրա վարքագիծը, քննադատեք նաև ԱԺ նախագահին, որ թքում է քաղաքացու դեմքին և հայտարարում է, որ էլի է թքելու: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

«Պարոն Խաչատրյան, դուք ձեզ թույլ եք տալիս մարդուն վիրավորել ասելով, որ նա հավանոցում է դաստիարակվել, միգուցե հավանոցում դաստիարակվելու և դաստիարակելու մեծ փորձ ունեք, ես չգիտեմ, բայց փորձեք զսպել ձեզ»,- ասաց նա:

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթն ամբողջությամբ՝ ստորև.

«Սիրելի հայրենակիցներ,

Մինչև ելույթիս անցնելը կձորձեմ անդրադառնալ երեկ այս դահլիճում կատարվածին:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավորների գրեթե բոլոր ելույթները նվիրված էին թեկնածուի ֆեյսբուքյան ելույթի քննարկմանը։ Ամենևին չարդարացնելով Ձեր՝ ՔՊ-ին, ընտրողների վերաբերյալ նման ձևակերպումը, ուզում եմ հիշեցնել, որ նա այդ տողերը գրել է, եթե գրել է, որպես ֆեյսբուքյան մի սովորական օգտատեր, իսկ այսօր խորհրդարան ներկայացած անձը, որն ի պաշտոնե եկել է այստեղ որպես ձեր կողմից նշանակված վարչապետ, ինչքան էլ դա իրեն դուր չգա, եկել է ձեր առաջ հաշվետու լինելու, իր վարած քաղաքականության արդյունքում երկիրը այս վիճակին հասցնելու համար պատասխան տալու։ Այս անձը՝ որպես վարչապետ, մեկ անգամ չէ, որ ձեր նույն ընտրողների, հենց ձեր ներկայությամբ, ընդհանրապես վարչապետին ոչ վայել վիճակով հայհոյել է, վիրավորել ժողովրդի մի այլ հատվածի, և այն էլ , նաև խորհրդարանում:

Դուք այդ ամենը ոչ միայն լուռ եք ընդունել, այլ, չգիտեմ ինչից վախեցած կամ հիացած, նրան դիմում եք մեծարգո վարչապետով։

Եթե քննադատում եք, ապա քննադատեք նաև, և առաջին հերթին վարչապետին ոչ հարիր նրա վարքագիծը։ Թե՞ նա ճիշտ է, երբ ասում է, որ որոշներին ականջից բռնած բերել ու պատգամավոր է սարքել, միգուցե ինչ որ բան էլ ինքը գիտի, երբ այդպես է ասում։

Եթե քննադատում եք, ապա քննադատեք նաև  ԱԺ նախագահին, ով թքում է քաղաքացու վրա և հայտարարում. Եթե պետք լինի, էլի կթքի:

Վիգեն Խաչատրյանը հայտարարում է, թե մինչև 2018թ․ Հայաստանում եղել է այլասերված երևույթ, թե Հայաստանում վերանում է մեկի շնորհը։

Իհարկե, հաշվի առնելով մի կուսակցությունից մի կուսակցություն անդամագրվելու նրա նման փորձը, որ նա ավելի շատ բան է տեսել, կասեմ, որ այո, պ-ն Խաչատրյան,  դուք ճիշտ եք, Հայաստանում վերանում է որևէ մեկի շնորհը, որովհետև հաստատվում է կոնկրետ մեկի բռնապետական ռեժիմը։ Ո՞վ է, ձեր խոսքերով ասած,  աթոռին մեռածը, միգուցե նա՞, ով 500մ տեղափոխվելու համար քաղաքի փողոցներ է փակում, հարյուրավոր ոստիկաններով շրջափակված տեղափոխվում, ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ դահլիճում նստեցնում իր կողմից ստեղծված նոր, ՛՛վարչապետի վախերը փարատող՛՛ նախարարության ներկայացուցիչների՞ն։ Ովքե՞ր են դահլիճի անկյուններում նստած այս մարդիկ։

Պ-ն Խաչատրյան, դուք ձեզ թույլ եք տալիս մարդուն վիրավորել, ասելով, թե նա հավանոցում է դաստիարակվել։

Միգուցե հավանոցում դաստիարակելու և դաստիարակվելու մեծ փորձ ունեք, և դրա համար եք ձեզ թույլ տալիս նման գնահատականններ հնչեցնել, չգիտեմ, բայց փորձեք զսպել ձեզ, այս դահլիճում ամենանախկինը լինելուն և ձեր տարիքին դա հարիր չէ։

Այո, ժողովուրդն ամեն ինչ տեսնում է, լսում և հիշում, համեմատում խոստացածը կատարվածի հետ, տարբերում է ճշմարիտը մանիպուլյացիայից և իզուր է ձեզ թվում, թե ժողովուրդն այլևս շարունակում է վստահել ձեզ։ Եթե կուզեք, ծանոթացեք GALԼAP-ի վերջին հարցումների արդյունքներին, ըստ որի 2018թ-ին հարցվածների 91%-ը նշել էր, որ մասնակցել է 2018թ-ի հեղափոխությանը, իսկ արդեն 2023թ-ի մայիսի 27-31-ին արդեն՝ միայն 37,4%-ը, և եթե հաշվի առնենք, որ նրանցից շատերը խոստովանում են, որ զղջում են իրենց արածի համար, ապա կստանանք, որ շատ ավելի քչերն են դեռևս վստահում ձեզ:

Իսկ այժմ կոնկրետ բյուջեի կատարողականի մասին։    

Երեկ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը իր զեկույցում նշեց, «միջին աշխատավարձը, գնաճի ազդեցությունը հանած, բարձրացել է  6,3%-ով և հետևաբար բոլոր աշխատողների եկամուտները ավելացել են»: Սա իհարկե, սխալ հետևություն է: Միջին աշխատավարձի բարձրացումը բոլորովին չի ենթադրում բոլոր աշխատողների եկամուտների աճ, եթե հանենք եկամտահարկի  տարեկան 1% իջեցումը: ԵՎ հետևություն անել, թե արդյունքում ունենք աղքատության նվազում և կյանքի որակի բարելավում բոլորի համար, նշանակում է փորձել մոլորեցնել հանրությանը:

Որպես եկամուտների ավելացման ապացույց նա նաև ներկայացրեց ընտանեկան նպաստ ստացողների թվի նվազեցումը:

Բայց չգիտեմ ինչու, նա չներկայացրեց, որ վերջին 10 տարում գրանցվում է նպաստառուների թվի նվազեցման կայուն տենդենց :

Նա մոռացավ նշել, որ նպաստառուների թվի նվազեցման վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են

  • տարբեր տեղեկատվական բազաների հետ համեմատության  հնարավորությունների ավելացումը,
  • ստվերից աշխատողների դուրս բերելու  և գրանցված աշխատողների թվի աճը
  • թոշակների 1000 կամ 2000 ավելացումներ:

Կառավարության 2021-26թթ ծրագրում ամրագրված է, որ կմշակվի ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարություն, որի նպատակը կլինի ծնելիության կայուն աճի ապահովումը և բնակչության թվի էական աճի գրանցման նախադրյալների ստեղծումը:

Գաղտնիք չէ, որ ժողովրդագրության ցուցանիշների վրա բազմաթիվ գործոններ են ազդում.

Ծնելիություն, մահացածություն, արտագաղթ, ներգաղթ, տնտեսության զարգացում, երկրում արդարության մթնոլորտի հաստատում:

Ներկայացվում են արտագաղթի և ներգաղթի 2022թ տվյալները, բայց մուտք ելք բացարձակ արեքներով, ոչ թե  ՀՀ քաղաքացիներին վերաբերվող մասով.

Ներգաղթածներից քանիսն են ընդունել ՀՀ քաղաքացիություն, ՀՀ քաղաքացիներից քանիսն են արտագաղթել, առանց այս տվյալների հնարավոր չէ հստակ պատկերացում կազմել ժողովրդագրության վրա այդ ցուցանիշների ազդեցության մասին:

2022թ. –ի կատարողական զեկույցում ամրագրված է , որ բնակչության աճ ապահովելու  համար անհրաժեշտ է, որ ծնելիության գործակիցը կազմի առնվազն 2,11 եղած 1,65-1,70: Երկրում տարեկան պետք է ծնվի առնվազն 44000 երեխա: 2022թ-ին ծնվել է 36300 երեխա, որը սակայն հեռու է այդ 44000-ից:

Հիմա, եթե ամեն ինչն այդքան լավ է, ապա ինչու ժողովրդագրության տվյալները այդքան վատն են, ինչու ծնելիությունը, ՀՀ քաղաքացիության մասով ներգաղթն այդքան ցածր մակարդակի վրա է, իսկ մահացածության մակարդամն ու արտագաղթը ՝ այդքան բարձր և այդ ամենը բացասական տենդենցով:

Բյուջեի կատարողականի վերաբերյալ երեկ և հանձնաժողովներում  հնչեցրած տարբեր հարցադրումների պատասխաները միարժեքորեն հանրությանը ապացուցեին, որ այլևս գործ ունենք մի իշխանության հետ, որը կիրառում է հարցադրումներից հմտորեն խուսափելու և անընդհատ ոչիլի անեկդոտի նման,     հին, քարոզարշավային ոճով, ոչ բովանդակային պատասխանելու գործելաոճը։

Հիմնական զեկուցողը չի ուզում ընդունել, որ այլևս հանրությունն ունի ճիշտը ստից տարբերելու, բովանդակայինը պոպուլիզմից ու մանիպուլյացիայից առանձնացնելու անհրաժեշտ մտավոր կարողություններ։

 Եվ Ձեզ ինչ է թվում, սիրելի հայրենակիցներ։ Նախորդ 3 տարվա ընթացքում իր ոչ մի խոստումը չկատարած կառավարությունը, որը չկարողացավ կանխել պատերազմը, երկիրը կանգնեցրեց ահռելի մարդկային, տարածքային, ջրային, էներգետիկ, պարենային կորուստենրի առաջ, ի վիճակի է՞ կանգնեցնել պետականության կորստի այս գահավիժումը, իվիճակի է՞ երկիրը հանել այս վիճակից։ Իհարկե ոչ։

Դիմում եմ Քաղ․պայմանագիր խմբակցության իմ գործընկերներ պատգամավորներին։

Հարգելի գործընկերներ, ուզեք թե չուզեք, համաձայնեք, թե չհամաձայնեք, Ձեր թիմի իշխանության օրոք է մեր երկիրը նման ահռելի կորուստներ ունեցել, որի հետ մեր ժողովուրդը չի հաշտվելու։ Մեր ժողովուրդը միշտ Ձեզ հիշելու է որպես կորուստների պատասխանատու։

Հարգելի քաղպայմանագրի գործընկերներ, Ձեր մեջ կան մարդիկ, ովքեր իրենց աշխատանքային և մասնագիտական կենսագրությամբ մեծ ճանապարհ են անցել։ Ինչպես եք հանդուրժում այն իրավիճակը, որ ոչ կոմպետենտ մարդը ձեզ թելադրի իրականացնել ձեր մասնագիտական ու մարդկային որակները տրորող քայլեր։ Միթե դուք չեք գիտակցում, որ վաղը դուք եք պատասխան տալու։ Միթե չեք հասկանում, որ իրական մեղավորները լքելու են երկիրը տարբեր հնարքներով, իսկ դուք մնալու եք այստեղ, միշտ կրելու եք հայրենիքը հանձնողների պիտակ։ Ինչո՞ւ եք դրան համակերպվում։ Չէ որ դուք վաղուց արդեն կայացած մարդիկ եք առանց այս ուժի։

Հիշեք։ Մեզ հետևում են մեր հայրենակիցները, ձեր հարևաններն ու բարեկամները։ Բայց որ ամենակարևորն է, երկինքնից հետևում են մեր երիտասարդ զոհերը, հետևում են նրանց հարազատները, վիրավորները, տուն կորցրածները, անհետ կորածների, ու գերիների հարազատները։ Նրանք ուզում են հասկանալ, թե ինչքանով ենք դուք գիտակցում, թե ինչի առաջ է կանգնել մեր երկիրը ձեր իշխանության օրոք, ինչքանով եք դուք զգում ձերն պատասխանատվությունն ու մեղավորությունը։

Հիշեք, որ ոչինչ չի մոռացվում, որ բոլոր մեղավորները ստանալու են պատժի իրենց չափաբաժինը:

Նեմեսիսը վկա»: