կարևոր
3250 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-26 19:42
Աշխարհ

Նորվեգիայի հայերը հարգանքի տուրք մատուցեցին

Նորվեգիայի հայերը հարգանքի տուրք մատուցեցին

Ցեղասպանության զոհերի հիշատակին Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցեց Նորվեգիայի հայ առաքելական եկեղեցական համայնքը։ Հայերի փոքր համայնքը, սովորույթի համաձայն, հավաքվել էր մայրաքաղաք Օսլոյին մոտ Լիսակերում գտնվող նորվեգացի գիտնական և հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի տուն-թանգարանում, որտեղ ներկայումս գործում է Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտը։

«Ապրիլի 24-ը ծանր հույզերի օր է հայերիս համար՝ տխրության, զայրույթի։ Բայց նաև այս օրը մենք երախտագիտություն ենք հայտնում այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Ֆրիտյոֆ Նանսենը, Բոդիլ Կատարինե Բյորնը, ովքեր հազարավոր հայերի փրկության ձեռք են մեկնել Ցեղասպանության օրերին»,- ասաց Նորվեգիայի հայ առաքելական համայնքի ղեկավար Նարինե Հարությունյանը։

Այս տարի Նորվեգիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի և հայաստանյան «Սարեր» մշակութային կազմակերպության համագործակցությամբ նկարիչ, գրաֆիկ դիզայներ Մոնի Հովսեփյանը Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտին նվիրեց իր «Երախտագիտություն՝ դարի երկայնքով» շերտակտավը (քվիլթ)։

«Ես մեր ընտանիքի անունից շնորհակալություն եմ հայտնում, որ ամեն տարի գալիս եք այստեղ, գեղեցիկ ծաղիկներ դնում նրա գերեզմանին, հիշում նրա անունը»,- ասաց Նանսենի ծոռնուհին՝ Աննե Գրեվեն։

Նշենք, որ 1922 թվականից Ազգերի լիգայի որոշմամբ փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրվում էին նանսենյան անձնագիր, որը անձը հաստատող ժամանակավոր վկայական էր և իրավունք էր տալիս լիգային անդամակցող երկրներում բնակվել, ազատ տեղաշարժվել։ Նանսենյան անձնագրեր են ստացել նաև Ցեղասպանությունից փրկված 300 հազարից ավելի հայեր։

Հայկական համայանքի հավաքույթին հրավիրված էր նաև նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի թոռը՝ Յուսի Ֆլեմինգ Բյորնը։ Զոհված հայերի հիշտակին նվիրված իր խոսքում նա հուզմունքով էր պատմում տատի՝ հայերին ծառայելու մասին. 1900-ականներին, երբ կանայք նույնիսկ ընտրելու իրավունք չունեին և բավականին խոցելի էին, Բոդիլ Կատարինեն որպես բուժքույր մեկնում է Խարբերդ, Մուշ։ Իսկ հետագայում, բացի այն, որ կարողանում է ապաստարաններ ստեղծել Ցեղասպանությունից փրկված հարյուրավոր կանանց ու երեխաների համար, նաև թողնում է մեծաթիվ վկայություններ՝ Ցեղասպանության մասին։

Միջոցառմանը ներկա էին նաև Լայֆ Կագգեն ու Հայիդի Կվամենը, ովքեր պատմեցին, թե ինչպես են Նանսենի գործունեությամբ ոգեշնչված որոշել այցելել Հայաստան և 75 օր հեծանիվ վարելով ու 12 երկրի սահման հատելով հասել Հայաստան։ Իսկ այնուհետև հայկական հետքերով շարունակել են դեպի Ջավախք (Վրաստան), Անի, Կարս, Մուսա լեռան շրջակա գյուղեր (Թուրքիա), իսկ հետո վերադարձել են Նորվեգիա։

Հայ համայնքի համար կարևորագույն հարցերից մեկը Նորվեգիայի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն է։ Նարինե Հարությունյանը նշեց, որ Ցեղասպանության ճանաչումը մեծապես կարևոր է հատկապես հիմա, երբ Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից և հայերի ֆիզիկական գոյությունը վտանգված է։