կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-08 16:49
Հասարակություն

Շուշիի ազատագրմամբ փոխվեց արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքը. ՀՅԴ ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին

Շուշիի ազատագրմամբ փոխվեց արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքը. ՀՅԴ ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին

Շուշիի ազատագրումը հայ զինվորի սխրանքի, կամքի, ոգու դրսևորումն էր։ Շուշիի ազատագրմամբ փոխվեց արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքը, և նրանով սկզբնավորվեցին մեր հետագա հաղթանակները՝ Yerkir.am-ի փոխանցմամբ այսօր Եռաբլուր պանթեոնում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մայիսյան հաղթանակների և, մասնավորապես, Շուշիի ազատագրման առիթով շնորհավորելով հայ ժողովրդին։

Մայիսյան հաղթանակների, ի մասնավորի՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման ամյակների առիթով այսօր Եռաբլուր պանթեոն էին այցելել ՀՅԴ Բյուրոյի, Հայաստանի Գերագույն մարմնի, ՀՅԴ ՀԳՄ-ի ազատամարտիկների հանձնախմբի, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության մի շարք անդամներ, ովքեր ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին Արցախյան գոյապայքարում ընկած հերոսների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նահատակների հիշատակին։ 

«Մենք այսօր Եռաբլուրում ենք և հաշվետու ենք յուրաքանչյուր ընկած հերոսի առջև։  Հաշվետու ենք մեր պահվածքով, մեր գործերով, մեր առօրյայով, որովհետև նրանք իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքին, հայ ժողովրդի անվտանգության ապահովմանը, Հայաստանի այսօրվան և ապագային։ Մենք պետք է վառ պահենք իրենց հիշատակը և շարունակենք իրենց կիսատ թողած գործը»,- նշեց Ի. Սաղաթելյանը։ 

Մեր սերունդը պետք է դասեր քաղի Արցախյան ազատամարտից, պետք է դաստիարակվի մեր հերոսների ոգով և շարունակի նրանց գործը՝ Ի. Սաղաթելյանի կարծիքն է, ով նշեց նաև՝  պետք է հստակ ձևակերպել՝ մենք Արցախում սակարկությունների հարց չունենք, զիջումները բացառվում են, և պետք է զարգանանք՝ չզիջելով։ 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը անդրադարձավ նաև ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի վերջին հայտարարությանը՝ հայկական կողմի արձագանքն անբավարար համարելով. «Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ պաշտոնական Երևանի այն հավաստիացումները, որ սեղանին չկա փուլային կարգավորման տարբերակ, մեզ վստահություն չեն ներշնչում։ ՀՀ վարչապետը բառախաղերի միջոցով այդ հարցի հստակ պատասխանը չտվեց, և մենք պահանջում ենք նրանից՝ հայտարարել, որ ՀՀ-ն երբեք չի քննարկելու հակամարտության կարգավորման փուլային տարբերակը։ Այդ իմաստով հստակ չէր վարչապետի՝ մայիսի 7-ին ԱԺ-ում ունեցած ելույթը։ Այնինչ՝ ՀՀ վարչապետը պետք է շատ հստակ, ուղիղ և առանց բառախաղերի հայտարարի, որ մենք փուլային տարբերակ չենք քննարկում և չենք քննարկելու»։ 

Ի. Սաղաթելյանը նաև նշեց, որ իրենք մանրամասներին չեն տիրապետում, որպեսզի հստակ գնահատականներ հնչեցնեն բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց գիտակցում են, որ Արցախի շուրջ տեղի են ունենում գործընթացները պահանջում են ուժերի կրկնակի լարում, ավելի պատասխանատու և հետևողական աշխատանք։ 

ՀԳՄ ներկայացուցիչը անդրադարձավ նաև այսօր Ազգային ժողովում ԵԿՄ նախագահ սասուն Միքայելյանի հրահրմամբ տեղի ունեցած ծեծկռտուքին՝ այն որակելով որպես անթույլատրելի և դատապարտելի երևույթ։ 

«ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի վրա հարձակվել նման ոճով՝ պարզապես անընդունելի է։ Եվ սա տեղի է ունենում այն օրը, երբ սրանից ուղիղ երկու տարի առաջ ընտրված այս իշխանությունը խոսում էր այդպիսի բարքերի դեմ։ Այդ իշխանությունն իբրև թե եկել էր վերացնելու այդ բարքերը, որից տարիներ շարունակ հանրությունը դժգոհում էր։ Այսօր ապացուցվեց, որ այդ բարքերը ոչ միայն չեն վերացել, այլ գնալով խորացել են։ Սա մեկ անգամ ևս փաստում է, որ այսօրվա իշխանությունները պատրաստ չեն լսելու այլ կարծիք, քննադատություն, և դրանով մենք վերադառնում ենք 1996 թվական», - եզրափակեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։