| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 10-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել կարևոր առաքելության իրականացման ընթացքում:
Զրուցակցիներն անդրադարձել են հայ-հնդկական բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել երկկողմ հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու ուղիների շուրջ: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության աճող դինամիկան, ինչին նպաստել են ինչպես երկկողմ բարձրաստիճան այցերը, այնպես էլ միջազգային հարթակներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունը:
Նախարար Միրզոյանը և դեսպան Սահա Սինհան նշել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տարբեր, այդ թվում՝ առևտրատնտեսական ու գործարար կապերի, գիտակրթական ոլորտներում առկա ներուժն առավելագույնս իրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման պատրաստակամությունը՝ ի շահ երկու երկրների քաղաքացիների: Այս համատեքստում ընդգծվել է, որ երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամական կապերը ևս պարարտ հող են ստեղծում միջպետական գործընկերության հետագա զարգացման համար:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների: Նախարար Միրզոյանը նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի տեսլականը՝ արժևորելով Հնդկաստանի կողմից հնչեցված դիրքորոշումը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական մարտահրավերներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման, միջանցքի արգելափակումն առանց նախապայմանների վերացնելու և արցախահայությանն էթնիկ զտման ենթարկելուն ուղղված Բաքվի գործողությունների կանխման հրամայականը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանում կայունության հարցում շահագրգռված գործընկերների և միջազգային կառույցների գործուն քայլերի կարևորությունը: