Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էմիլիո Պեւիդա Պուպոյին:
Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր ջանքերը կներդնի հայ-կուբայական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում:
Արարատ Միրզոյանը, նշելով, որ Հայաստանը Լատինական Ամերիկայի տարածաշրջանի մի շարք երկրների հետ ունի բավականին ակտիվ հարաբերություններ, հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Կուբայի հետ փոխգործակցությունը եւս կհասնի բարձր մակարդակի:
Երկկողմ կապերի զարգացման գործում արժեւորելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է Հայաստան-Կուբա բարեկամական խումբը: Կարեւորելով միջազգային հարթակներում փոխգործակցության ակտիվացումը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ առկա է չօգտագործված զգալի ներուժ:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կուբայի իշխանություններին 1988 թ. երկրաշարժի դժվարին օրերին հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելու համար:
Էմիլիո Պեւիդա Պուպոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը նպաստելու երկու երկրների միջեւ կապերի առավել զարգացմանն ու խորացմանը: Դեսպանը եւս կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում:
Զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, կարեւորել համատեղ ծրագրերի իրականացումը՝ մասնավորապես գիտակրթական եւ զբոսաշրջության ոլորտներում: Կողմերը փաստել են, որ չնայած երկու երկրների միջեւ հեռավորությանը՝ առկա են բոլոր նախադրյալները երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Կուբայի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին: