Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:
Ազգային ժողովի նախագահը, ողջունելով դեսպանին, ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բազմադարյա պատմական կապերը, հոգեւոր եւ մշակութային առնչությունները: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը պատրաստակամ է առավել խորացնելու եւ ամրապնդելու ձեւավորված ավանդական հարաբերությունները:
Օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է 2014 թ. սեպտեմբերին Հունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը նշել է նաեւ, որ 2015 թ. մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:
Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, կարեւորել է Հայաստանում սահմանադրական նորմերին համահունչ անցկացված խորհրդարանական ընտրությունները:
Դեսպանը, խոսելով երկու ժողովուրդների բարիդրացիական ամուր կապերի մասին, համատեղ ծրագրերը շարունակելու եւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ կողմերն ընդգծել են բարեկամական խմբերի, ինչպես նաեւ այլ ձեւաչափերով ակտիվ շփումների ու փոխայցերի անհրաժեշտությունը, ինչը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնմանը:
Զրուցակիցները քննարկել են հայ-հունական բազմոլորտ համագործակցության օրակարգը, կարեւորել մասնավորապես առեւտրատնտեսական կապերի խթանումը՝ ընդգծելով, որ երկկողմ փոխգործակցության զարգացման ու խորացման դեռեւս չիրացված մեծ ներուժ կա: Դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է հույն գործարարների պատվիրակության այց Հայաստան՝ տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար:
Խոսելով իրականացվող մշակութային եւ կրթական համատեղ ծրագրերից՝ Արարատ Միրզոյանն արժեւորել է հունական կառավարության կողմից տարիներ շարունակ ռազմական եւ քաղաքացիական կրթության ոլորտում ցուցաբերվող աջակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր մակարդակներում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափով համագործակցության, Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացներին: