| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերին: Այդ մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից:
Բարձր գնահատելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Լիբանանի հայ համայնքի կարեւոր դերը երկրի քաղաքական, հասարակական կյանքում, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների խորացման հարցում:
Ազգային ժողովի նախագահը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացումը, նշել է, որ նորընտիր օրենսդիր մարմնում ձեւավորվում է պատգամավորական բարեկամական խումբ եւ նորընտիր պատգամավորներից շատերը շահագրգռված են Լիբանանի հետ կապերի ամրապնդմամբ:
Արժեւորելով միջխորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների խորացման հարցում՝ օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ արձանագրել է, որ միջազգային հարթակներում երկու երկրներն ակտիվ համագործակցում են, ինչը պետք է առավել զարգացնել:
Մայա Դաղերը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր քաղաքական ուժի՝ ժողովրդի մեծ վստահությունը վայելելու կապակցությամբ:
Դեսպանը եւս կարեւորել է երկու ժողովուրդների դարավոր եւ ամուր բարեկամությունն ու պատրաստակամություն հայտնել նպաստելու խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացմանը եւ երկու երկրների համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերին: Այս գործում Մայա Դաղերը կարեւորել է հայ համայնքի եւ Լիբանանի խորհրդարանում 6 հայ պատգամավորների ու երկու նախարարների դերակատարությունը:
Կողմերն անդրադարձել են ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: