Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հայտնում են ռուսական գործարար շրջանակները, երկու օր առաջ Թուրքիայից գրեթե բոլոր պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների հոսքը դեպի Ռուսաստան դադարեցվել է:
«Զուգահեռ ներմուծումը» դա երկիր ապրանքների ներմուծումն է առանց արտադրողի կամ հեղինակային իրավունքի սեփականատիրոջ համաձայնության: 2022 թվականի մարտի վերջին Ռուսաստանի կառավարությունը թույլատրել է արտասահմանյան արտադրության պահանջված ապրանքների ներմուծումը երկիր, որոնց պաշտոնական մատակարարումը ընդհատվել է, և վերացրել է այսպես կոչված «զուգահեռ ներմուծման» համար պատասխանատվությունը:
Այդ որոշման արդյունքում արևմտյան այն ապրանքները, որոնք հայտնվել էին Ռուսաստան ուղարկելու համար պատժամիջոցների ցանկում, այդ երկիր էին մտնում ոչ թե ուղղակի ձևով, այլ միջնորդ երկրների միջոցով:
Թուրքիայի տարածքով ապրանքների ամսական տարանցումը կազմում է մոտ 400 մլն դոլար: Մատակարարվող հիմնական ապրանքներն են փոքր կենցաղային տեխնիկան և էլեկտրոնիկա, սնունդ, հագուստ, պահեստամասեր, զուգահեռ ներմուծման միջոցով սմարթֆոնների, պլանշետների, նոութբուքերի և այլ էլեկտրոնիկայի մատակարարումների մինչև 20%-ը կատարվում է Թուրքիայից:
Ավելին, դեպի Ռուսաստան մատակարարվող զուգահեռ ներկրումների ծավալների մասով Թուրքիային բաժին է հասնում ողջ ծավալների մոտ 50 տոկոսը:
Մնացածը ներկրվում են Չինաստանի, Միացյալ Էմիրաթների և ԱՊՀ երկրների, այդ թվում նաև Հայաստանի միջոցով:
Շատերը ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի մաքսային համակարգը սկսեց արգելափակել ոչ թուրքական ծագում ունեցող ապրանքների մաքսազերծումը այն բանից հետո, երբ այդ երկիր պաշտոնական այցով եկավ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և նախազգուշացրեց այդ երկրի իշխանություններին, որ եթե այդ պրակտիկան շարունակվի, ապա ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի նաև Թուրքիայի վրա:
Թուրք վերլուծաբանների կարծիքով, հատկապես երկրաշարժից հետո և գալիք ընտրությունների նախաշեմին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կախվածությունը Արևմուտքից կարող է զգալիորեն մեծանալ, նույնիսկ եթե արդեն հայտնի է, որ այդ նույն Արևմուտքը բաց ձևով պաշտպանելու է գալիք ընտրություններում Էրդողանի հակառակորդին:
Սակայն նույն վերլուծաբանների կարծիքով, ընդդիմության որոշումը միացյալ թեկնածու կարգել թուրքական «Զյուգանովին», էապես մեծացրել է Էրդաղանի հնարավորությունները գալիք ընտրություններում հաղթելու համար: Եվ, ահա, նույն Էրդողանը մտադրություն ունենալով նոր հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ փորձում է այս քայլերով սիրաշահել Վաշինգտոնին: Մանավանդ, որ ռուսները փախչելու այլ տեղ չունեն և ստիպված պիտի լինեն նույն այդ ապրանքները Թուրքիայից գնեն, բայց արդեն մաքսազերծվելուց հետո, ինչն էապես կթանկացնի այդ ապրանքների գները ռուսների համար:
Սակայն այդ խնդիրն ունի նաև մյուս կողմը: Եթե Թուրքիայի այս որոշումը երկարատև բնույթ կրի, ապա Մոսկվան կարող է իր կողմից չեղարկել «Հացահատկի գործարքը», որի պայմանագրի ժամկետն ի դեպ ավարտվում է մի քանի օրից՝ մարտի 18-ին:
Եթե մինչ այդ Թուրքիան չփոխի իր այդ դիրքորոշումը, ապա ռուսները, ամենայն հավանականությամբ, իրենց կողմից կչեղարկեն վերը նշված այդ գործարքը, մանավանդ, որ դրա համար ունեն հիմնավորում:
Ուկրաինական հացահատիկը հասնում է իր հասցեատերերին, մինչդեռ ռուսական հացահատիկի ծավալների մեծ մասը այդպես էլ չի հաջողվում վաճառել պատժամիջոցների պատճառով: Այդ գործարքի հիմքում ընկած էր այն գաղափարը, որ շուկաներ պիտի հասնեին թե ուկրաինական, և թե ռուսական հացահատիկի ամբողջ ծավալները:
Կա տեսակետ նաև, որ թուրքական կողմը ժամանակավոր է ստեղծել այս իրավիճակը, քանի որ առաջացել է տեխնիկական խնդիր, այն տեղի է ունեցել թուրքական մաքսատան, ինչպես նաև հարակից ընկերությունների և կազմակերպությունների սերվերների ծրագրային ապահովման թարմացման պատճառով:
Եթե նույնիսկ այս խնդիրը ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական պատճառ ունի, միևնույն է մի քանի օրից պարզ կլինի դա: Բայց պարզ է նաև մեկ բան, որ թե Թուրքիան, և թե Ռուսաստանը փորձելու են այս իրավիճակից պաշտպանել իրենց շահերը։
Անկախ նրանից, որ Թուրքիային հաջողվել է Ռուսաստանի հետ այդ նիշը զբաղեցնել, Հայաստանն էլ իր հերթին պիտի փորձի ընդլայնել այն ապրանքների ծավալը, որոնք ներմուծվում են Ռուսաստան այլ երկրների կողմից:
Մեր հանդեպ այն ճնշումները, որ կան Թուրքիաի վրա չեն լինի, քանզի մեր վրա, օբյեկտիվորեն, չկան այն լծակները, որոնք կարող են մեզ գցել ծանր վիճակի մեջ: Իսկ կտրուկ քայլեր մեր դեմ չեն լինի, ցանկացած պարագայում հաշվի առնելով, թե մեր երկրի հնարավորությունները, և թե այլ գործոններ:
Այստեղ կարող է իր դերն կատարել նաև մեր աշխարհագրական դիրքի գործոնը, որը նույնպես կարող է նպաստել այդ դերի բարձրացման համար: Իսկ դրանից տնտեսական եկամուտներ ստանալու հարցի մասին նույնիսկ ավելորդ է խոսել: Այդ եկամուտները կարող են շատ մեծ չափսերի հասնել:
Սա է իրականությունը: