կարևոր
7315 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-09 18:02
Իրավական Քաղաքական

Պետք է համակերպվել պարտության հետ․ Հրաչ Ջաբրայանի փաստաբանը՝ իշխանություններին

Պետք է համակերպվել պարտության հետ․ Հրաչ Ջաբրայանի փաստաբանը՝ իշխանություններին

Վերաքննիչ դատարանը մերժեց Հրաչ Ջաբրայանի գործով դատախազի բողոքը։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ դատարանում պաշտպանական երկար, հանգամանալից խոսք է ներկայացրել։

Հիշեցնենք, որ կանադահայ գործարար, ՀՅԴ անդամ, բարերար Հրաչ Ջաբրայանին մեղադրանք էր առաջադրվել իբրև թե բռնություն գործադրելու կոչեր պարունակող ֆեյսբուքյան գրառման համար, որը նշում էր․ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին»։ Նա որևէ անուն չի նշել, բայց հասցեատեր, փաստորեն, գտնվել է:

2022 թ. սեպտեմբերի 16-ին Երևանի Ընդհանուր իրավասության դատարանը անմեղ էր ճանաչել Ջաբրայանին:

«Որևէ հիմք չկա, ինքնանպատակ ներկայացրել էին բողոքը, դատախազը ինչպես Առաջին ատյանի դատարանում չկարողացավ որևէ ապացույց ներկայացնել, այդպես էլ՝ այստեղ։ Բարեբախտաբար Վերաքննիչ դատարանի կազմը ընկալեց այդ ամենը և ողջունելի է, որ բողոքը չբավարարվեց և թողնվեց դատավճիռը նույնը՝ անփոփոխ, արդարացման դատավճիռը մնաց անփոփոխ»,- ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ դատախազը կարող է կրկին բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, բայց դա ողջամիտ չէ.

«Այս դեպքում ընդանրապես, դա կլինի ինքնանպատակ իրենց կողմից, պետք է համակերպվել պարտության հետ»,- ավելացրեց փաստաբանը։

Սերգեյ Հարությունյանը փաստեց, որ այս գործը միանշանակ քաղաքական ենթատեքստ ունի, քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․

«Պաշտպանական ճառի ժամանակ էլ իմ խոսքում ներկայացրել եմ, որ դատախազությունը երկակի ստանդարտներով է առաջնորդվում, որովհետև, երբ խոսքը վերաբերվում է վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձին, դատախազությունը Սահմանադրական դատարանում մեկնաբանում էր, որ դա քաղաքական գործչի խոսք է և նրա կողմից ասած բռնության մի շարք կոչերը համարում էր որպես քաղաքական գործչի խոսք և եվրոպական համապատասխան փաստաթղթերին հղում անելով՝ ասում էր, որ ենթակա չէ պատասխանատվության։ Սակայն ընդդիմադիր գործիչների դեպքում հակառակ դիրքորոշումն է։ Հենց այս գործով մեր հաղթանակը նաև հենց այդ ապացույցն էր, որ դատախազությունը պետք է փոխի իր դիրքորոշումը, և եթե մի իրավական նորմերով է առաջնորդվում, ապա դա բոլոր քաղաքացիների համար պետք է հավասար լինի, կապ չունի ընդիմադիր, թե՝ ոչ ընդիմադիր հայացքներով»,- ավելացրեց փաստաբանը։