կարևոր
3421 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-15 09:51
Քաղաքական

ՄԻՊ թեկնածուի հարցը՝ գլխացավանք. ոչ ոք չի ընդունում իշխանության առաջարկը. «Ժողովուրդ»

ՄԻՊ թեկնածուի հարցը՝ գլխացավանք. ոչ ոք չի ընդունում իշխանության առաջարկը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո ՄԻՊ պաշտոնը դարձել է իսկական պատուհաս գործող իշխանության գլխին: Անհասկանալի պատճառներով որեւէ մեկը չի ցանկանում ստանձնել այս բարձր հեղինակություն ունեցող կառույցի ղեկավարումը:

Քրիստիննե Գրիգորյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով, Հայաստանի Ազգային ժողովը հունվարի 24-ին ընդունել էր նրա հրաժարականը: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նոր ՄԻՊ պետք է ընտրվի: Արդեն լրանում է ՄԻՊ առաջադրման երկրորդ ժամկետը, բայց ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը թեկնածու դեռ չի առաջադրել: «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է նաեւ, որ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ էլի տասնօրյա ժամկետում, պետք է առաջադրում լինի. դարձյալ տասնօրյա ժամկետ է սահմանվում, եւ այսպես մինչեւ 3-րդ ամսվա վերջին օրը պետք է արդեն օմբուդսմենը նշանակված լինի: Իշխող ֆրակցիայի համար ՄԻՊ թեկնածուի հարցը իսկական գլխացավանք է դարձել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ իշխող ՔՊ խմբակցությունն այս ընթացքում ՄԻՊ թեկնածուի տարբեր անուններ է քննարկել, սակայն այդպես էլ չի գտել թեկնածու, որը կհամապատասխանի պահանջներին՝ կլինի պրոֆեսիոնալ եւ, ամենակարեւորը, հանրության կողմից վստահություն վայելող կերպար: ՔՊ-ականները պարբերաբար նեղսրտում են, որ ում իրենք առաջարկում են, բոլորը հրաժարվում են առաջադրվել ՄԻՊ պաշտոնում: Մեր ունեցած տեղեկություններով՝ պատճառներից մեկն այն է, որ Փաշինյանը պահանջ է դրել գտնել հեշտ «կառավարելի» մեկին, որը կդառնա բացառապես «ՔՊ-ի իրավունքների պաշտպանը», դուրս չի գա վերահսկողությունից եւ չի համարձակվի ձայն հանել, երբ, օրինակ, ընդդիմադիր հայացքներ ունեցող որեւէ մեկի իրավունքները ոտնահարվեն:

ՔՊ-ի սրտի ՄԻՊ թեկնածուն Արտակ Զեյնալյանն էր, որը, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, չի ցանկացել առաջադրվել ՔՊ-ի կողմից: Նա մտերիմ շրջապատում դժգոհել է, որ չի ցանկանում առաջադրվել, քանի որ մեկ անգամ արդեն ՔՊ-ականներն իրեն խաբել են. առաջադրել են ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում, սակայն այդպես էլ չեն ընտրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմությունը թեկնածուներ ունեցել է, սակայն որոշել է թեկնածու չառաջադրել՝ վստահ լինելով, որ Փաշինյանը ՔՊ-ին թույլ չի տա ընդդիմության թեկնածուին ընտրել:

Ստացվում է՝ ՄԻՊ պաշտոնում թեկնածու ընտրելու արդեն երկրորդ տասնօրյակն է լրանում, սակայն թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեւը դեռ թեկնածու չունեն:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում